Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ
 |azatutyun.am|
13:09 - 15 հոկտեմբերի, 2024

Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բրիտանական կողմը որոշել է կասեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով, չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջև և կասեցվել են կիբերանվտանգության նոր ծրագիրը, «Интерпрессньюс»-ին հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։

Երկխոսությունը սկիզբ է առել 2014 թվականին և կոչվել է 1919-1921 թվականներին Վրաստանում առաջին բրիտանացի գերագույն հանձնակատարի՝ Օլիվեր Ուորդրոպի անունով:

Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արևմտամետ ուղուն, և կողմերի միջև վստահությունը կվերականգնվի։

«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ուղի ընտրեց, և Թբիլիսիում իմ առաջին ամիսներին ես ստիպված էի հստակ արտահայտել մեր մտահոգությունները՝ կապված ժողովրդավարական հետընթացի և հակաարևմտյան հռետորաբանության հետ: Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումները, ինչն ինձ նույնպես լավատեսությունը վերականգնելու հնարավորություն կտա», - հայտարարել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Վրաստանի, ինչպես նաև արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են վրացական կառավարության այս տարվա գործողությունների պատճառով»:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարևորության մասին՝ հակառակորդներին մեղադրելով երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Ընդդիմությունն իր հերթին իշխանություններին մեղադրում է ռուսամետ լինելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել