Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան |armenpress.am|
17:02 - 20 հոկտեմբերի, 2024

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մասին նշել է. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա են ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Իրանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, և դա ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկա է հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամություն ու քաղաքական կամք:

Իրանում Հայաստանի դեսպանության էջը հայտնում է, որ, ըստ դեսպան Ավագյանի՝ ԻԻՀ հետ հարաբերությունների կարևորության ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպես նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողություններին։ Այդ այցերի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԻԻՀ բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ քննարկել է ՀՀ-ԻԻՀ երկկողմ փոխգործակցության ներկա իրավիճակն ու ապագայի հնարավորությունները։ Երևանը համոզված է, որ ԻԻՀ 14-րդ կառավարության հետ համագործակցաբար հնարավոր կլինի կյանքի կոչել նախորդիվ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ու առավել հավակնոտ ծրագրեր։

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը միանշանակ փաստել է, որ թեև այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղությամբ մեր երկու երկրների ներուժն ավելի մեծ է, և այն իրացնելով՝ գործնականում հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքի։

«ՀՀ-ն և ԻԻՀ-ն ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Հիմնվող այս նախագիծը, ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ, ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։

Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը տրանսպորտային թողունակության մեծացումն ու երկու պետությունների տարանցման մեծ ներուժից օգտվելն է։ Այս նպատակին հասնելու համար կարևորում ենք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ազատ ելումուտը Հայաստան և Իրան ապահովելուն միտված գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև Մեղրու սահմանային անցակետի արդիականացումը, որը ևս պատվիրակվել է իրանական ընկերությանը»,- Իրանում ՀՀ դեսպանության կայքի՝ ընդգծել է դեսպան Ավագյանը՝ հավելելով, որ երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից է նախորդ տարի ստորագրված «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել