Ազգային ժողովը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը վավերացնելու հարցը։ Օրինագծի քննարկումը բոյկետել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը: Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը: Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:
Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով:
Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ուղղած հարցերի վերաբերյալ զեկուցողը տվել է պարզաբանումներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ նշելով փաստաթղթի քաղաքական կարեւորությունը: «Սա կողմերի միջեւ առաջին երկկողմ քաղաքական պայմանագիրն է, ինչը, կարծում եմ, կարեւոր հանգրվան է երեսնամյա հակամարտության՝ վերջին տարիներին ընթացող բանակցությունների եւ խաղաղության գործընթացի համատեքստում»,-մասնավորապես ասել է նա:
Նշվել է, որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը:
Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող տեսակետներին, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթ, որն, իբր, հարցականի տակ է դնում կամ տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությանը: «Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են Ալմա-Աթիի 1991 թվականի հռչակագրի դրույթները, համաձայն որոնց՝ հստակեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործող սահմանը, այդ սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը, ինչպես նաեւ տեխնիկական մասը, որն անցել է Սահմանադրական դատարանի քննության շրջանակներով: Եվ, ըստ էության, ամրագրվել է, որ ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ, որեւէ դրույթով չունի որեւէ իրավական ձեւակերպում, որն Ադրբեջանին կամ որեւէ այլ պետության կարող է տարածքային պահանջներ ներկայացնել»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
comment.count (0)