Դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի մասին. ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ
10:34 - 28 հոկտեմբերի, 2024

Դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի մասին. ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական միությունը ուշադիր հետևել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Վերջին ամիսների ընթացքում Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և իրենց երկրի եվրոպական ուղուն: Այս մասին նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) միջազգային դիտորդական առաքելության նախնական հետազոտության և եզրահանգումների համաձայն՝ «ընդհանուր առմամբ, ընտրության օրը ընթացակարգային առումով լավ կազմակերպված է եղել և կանոնավոր կերպով կառավարվել է, բայց մթնոլորտը լարված է եղել՝ կապված քվեարկության գաղտնիության և մի շարք ընթացակարգային անհամապատասխանությունների հետ, ինչպես նաև հաղորդումներ են եղել ընտրողների նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել գործընթացի հանդեպ հանրային վստահության վրա: Ընտրողների, մասնավորապես պետական ​​հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հաղորդումները շարունակում էին տարածված մնալ ընտրարշավի ընթացքում»:

Ավելին՝ դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի, բևեռացված մթնոլորտում պառակտող քարոզարշավի և այս ընտրական գործընթացի վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ զգալի մտահոգությունների մասին:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ կերպով հետաքննելու և լուծելու ընտրական խախտումները և դրանց առնչվող մեղադրանքները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն և լուծվեն։ Դա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։

ԵՄ-ն սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և առաջարկություններին, որոնք պետք է հնարավորինս արագ իրականացվեն»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ-ից հայտնում են նաև, որ կառուցողական և ներառական երկխոսությունը քաղաքական ողջ սպեկտրում այժմ առաջնային նշանակություն ունի. «Եվրոպական խորհրդի հոկտեմբերի 17-ի եզրակացություններով ԵՄ-ն կոչ է արելՎրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ համաձայն եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքների»:

Այս համատեքստում ԵՄ-ն հիշեցնում է, որ ցանկացած օրենք, որը խարխլում է վրացի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հակասում է այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն, պետք է չեղարկվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել