armtimes.com: Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ կոչ անելով եւս մեկ անգամ քննարկել Երեւանի Գեւորգ Քոչարի 21 հասցեում Երեւանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների հարցը։
Զոլյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ ու մասնագիտական շրջանակներ մտահոգություններ ունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ եթե հնարավոր է, ապա պետք է շինաշխատանքները դադարեցնել, շփվել Երեւանի բնակիչների, մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, եւ եթե նրանց մտահգությունները անհիմն են, ապա քննարկման արդյունքում կվերանան, իսկ եթե հիմնավոր են, ապա առավել եւս պետք է դրանց քննարկմանն ընթացք տրվի։
«Ինչո՞ւ կան մտահգություններ․ այսօր Երեւանի բնակիչները հիշում են, թե ինչ կատարվեց նախորդ իշխանության օրոք։ Նրանց հանցաքներից մեկն այն էր, որ այլանդակվեց Երեւան քաղաքը, հատկապես կենտրոնը, բազմաթիվ պատմական շենքեր կամ ոչնչացվեցին, կամ տեղափոխվեցին կոնտեքստից դուրս, կառուցվեցին շենքեր, որոնք կապ չունեն Երեւանի ճարտարապետության հետ։ Բնականաբար, մարդիկ շատ էմոցիոնալ ռեակցիա են ցույց տալիս»,- ասաց Զոլյանը՝ հավելելով, որ իր այս ելույթից թող չոգեւորվեն այն մարդիկ, որոնք անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Արայիկ Հարությունանի հասցեին եւ նույնիսկ չեն կարողանում նախարարության անունն ամբողջությամբ ճիշտ արտաբերել։ Պատգամավորը հայտարարեց, որ ինքը աջակցում է նախարարին, սակայն հարցի քննարկումն անհրաժեշտություն է։
Մի խումբ քաղաքացիներ, սոցիալական ցանցերից տեղեկանալով Գ. Քոչարի 4 հասցեում գտնվող հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում պետական բյուջեի միջոցներով Մնջախաղի պետական թարտոնի շենքի կառուցման մասին, նախարարությունից պահանջում են դադարեցնել շինաշխատանքները։
«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի եւ Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչեւ 1960-ականներ:
comment.count (0)