ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով
17:21 - 29 մայիսի, 2025

ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս:

«Պիտի հատուկ արձանագրեմ, որ անընդունելի և անթույլատրելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունների հետ։

Չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։

Երկրորդ հանգամանքոը, որ կուզենամ շեշտադրել այն է, որ մենք բոլորս գիտենք, որ ԶՈՒ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն և հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից»,- ասաց նա:

ՄԻ պաշտպանի խոսքով՝ նախագիծը նախապես իր հետ չի քննակվել, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: Մանասյանը նշեց՝ ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք

«Միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներով չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ, միանշանակ դիմելու եմ Սահմանադրական դատարան։ Բայց այս պահին էլ հույս ունեմ, որ որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որոնք ներկայացրել ենք, և ընտ էության չենք ունենա այդ կարգավորումները»,- ասաց Անահիտ Մանասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել