armenpress.am: Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Կաթոլիկ օգնության ծառայության-Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի միջև (CRS - UNITED STATES CONFERENCE OF CATHOLIC BISHOPS)-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը՝ տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։
«Մենք ծառայությունների հսկայական բաժին արտապատվիրակում ենք հասարակական կազմակերպությունների գործընկերներին։ Համագործակցության մեր ակտիվությունն էլ ավելի է մեծացել հետպատերազմյան ժամանակահատվածում և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո, որովհետև, առհասարակ, ճգնաժամային իրավիճակներում կառավարություններն ավելի արդյունավետ են սկսում աշխատել, եթե մի կողմից կա մասնավոր ոլորտի, մյուս կողմից՝ միջազգային գործընկերների աջակցությունը, հատկապես, երբ փորձում ենք ներդնել լավագույն փորձը։ Այս առումով կարևորում եմ Բոսնիա Հերցեգովինայի փորձը, հատկապես՝ Կաթոլիկ օգնության ծառայության հետ համագործակցելու մեր այս պայմանավորվածությունը»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ հուշագրով սկիզբ կդրվի սոցիալական պաշտպանության ոլորտում առավել ընդգրկուն համագործակցության։
CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչի խոսքով՝ ծրագրի գաղափարը ծնվեց 2023 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղից փախստականները գալիս էին Հայաստան, ուստի ցանկություն առաջացավ Բոսնիա Հերցեգովինայում սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ոլորտում իրենց ունեցած փորձը կիսել նաև ՀՀ կառավարության հետ։
Ըստ նրա՝ ստորագրված հուշագիրը ևս մեկ անգամ փաստեց սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման և պահպանման ուղղությամբ ՀՀ կառավարությանն աջակցելու իրենց հանձնառությունը։
«Հայաստանի կառավարությանն աջակցելու ենք նաև գոյություն ունեցող օրենսդրության վերանայման ճանապարհին եվրոպական ստանդարտը վերարտադրելու միջոցով, լավարկելու ենք օրենսդրությունը, բարելավելու ենք կարողությունն այդ աշխատանքներն իրականացնելու համար, համագործակցելու ենք համայնքների, ՀԿ-ների հետ, որպեսզի կառավարությունը կարողություն ձևավորի՝ ավելի մեծ միջոցներ ներգրավելու սոցիալական այս նախաձեռնության ուղղությամբ»,-մանրամասնեց CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավարը։
comment.count (0)