civilnet.am: Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ 2023-ի աշնանը Իսրայելը, ի պատասխան «Համաս» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, ինչի հետևանքով իրավիճակը լարվեց նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Հրթիռակոծության տակ են Լիբանանի ինչպես սահմանային գյուղերն, այնպես էլ սահմանից հեռու գտնվող մի շարք շրջանները։ Ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասներում, ինչպե՞ս են ապրում հայերը պատերազմական իրավիճակում ու արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց Հայաստան տեղափոխելու համար․ այս ու մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ։
– Պատերազմական այս օրերին ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդյոք կապի մե՞ջ է Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ, ունե՞ք տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասերում։
– Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի քանի ամիս առաջ Լիբանանում սկսված ռազմական գործողություններից անմիջապես առաջ և հետո մշտական կապի մեջ է համայնքային կառույցների, անհատների, ինչպես նաև Բեյրութում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ։ Այդ կապը մշտական է, և ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք իրականացնում՝ հասկանալու իրավիճակը և այն հնարավորություններն ու պայմանները, որոնց մեջ գտնվում է հայությունը։ Այս պահի դրությամբ ուզում եմ նշել, որ Լիբանանում հայության շրջանում և հայկական հաստատությունների շրջանում կորուստներ և ավերածություններ, փառք Աստծո, չկան։ Խնդրում ու հորդորում եմ բոլորին՝ ապատեղեկատվություն մի՛ տարածեք։
Այնտեղ բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով, պարենի և դեղորայքի պակաս ու խնդիր չկա, ավելին, օժանդակություններ տրվում են ինչպես հայության կարիքավոր խմբերին, այնպես էլ Լիբանանի այն քաղաքացիներին, ովքեր ազգությամբ հայ չեն, բայց ունեն դրա կարիքը։
– Այս օրերին կարծիքներ են հնչում նաև նրա մասին, որ Հայաստանը լիբանանահայերին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միգուցե արտակարգ չվերթներ են ակնկալվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները։
– Այո, շատերն ակնկալում էին, որ լինի արտակարգ չվերթ դեպի Բեյրութ՝ Լիբանանից դուրս գալ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու համար։ Այս հարցի շուրջ անմիջապես հետևյալ մեկնաբանությունը կարող եմ տալ․ նախ և առաջ Բեյրութի օդանավակայան չվերթներ կարող է իրականացնել միայն Middle East ընկերությունը՝ տեղական, մերձավոր արևելյան ավիաընկերությունը, ուրիշ որևէ ավիաընկերություն՝ կլինի ֆրանսիական, գերմանական, լեհական, հայկական, չի կարող վայրէջք կատարել այդ օդանավակայանում և չի կարող այնտեղից ուղևորներ տեղափոխել։ Բայց, միևնույն ժամանակ, շաբաթական երկու չվերթ է իրականացվում Երևան-Բեյրութ-Երևան ուղղություններով։ Մեկ ամսվա կտրվածքով, երբ սկսվեցին ակտիվ ռմբակոծությունները Բեյրութում, սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է Բեյրութ-Երևան 10 չվերթ, ժամանել է 1 227 մարդ, իսկ Երևանից Բեյրութ մեկնել է 578 մարդ։ Այսինքն, Բեյրութից Երևան ժամանած ուղևորների դրական տարբերությունը 649 մարդ է կազմում՝ հիմնականում լիբանանահայություն, փոքր թվաքանակ է կազմում սիրիահայությունը և անշուշտ օտարերկրացիներ, այսինքն՝ Լիբանանի քաղաքացիները։
Օդային կապը երբեք չի խզվել Լիբանանի հետ, միևնույն ժամանակ, արտակարգ չվերթով Բեյրութ օդանավ ուղարկելու հնարավորություն որևէ երկրի կառավարություն չի ունեցել։ Ավելացնեմ նաև, որ վերջին երկու օդանավերում 15-20 նստատեղ ազատ է մնացել։
Ինչ վերաբերում է լիբանանահայությանը օժանդակելու հարցին՝ մարդասիրական օգնություն էլ հնարավոր չէ հասցնել իմ թվարկած պատճառներով, լրացուցիչ օդային կապ ստեղծել հնարավոր չէ, բայց կրկին նշեմ՝ մեր տեղեկատվությամբ բոլոր հայկական հաստատությունները աշխատում են, և պարենի ու դեղորայքի խնդիր այս պայմաններում դեռևս չկա և հուսանք՝ չի լինի։
– Կարո՞ղ եք ասել, թե որքան հայ է ապրում տվյալ պահին Լիբանանում։
– Ճշգրիտ տվյալներ նշելը շատ դժվար է, քանի որ Լիբանանում շատերը, բացի Հայաստանի հետ երկքաղաքացիությունից, ունեն այլ երկրների քաղաքացիություն, և մշտական շարժի մեջ են։ Ժամանակակից աշխարհում շատերը աշխատում են ինչպես քաղաքացիության երկրից, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սա դժվարացնում է առկա բնակչության հստակ թիվը նշելը, բայց, կարծում եմ, որ շուրջ 50 հազարի սահմաններում է այս պահի դրությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)