Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա կապը պահպանվում է
 |civilnet.am|

Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա կապը պահպանվում է |civilnet.am|

civilnet.am: Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ 2023-ի աշնանը Իսրայելը, ի պատասխան «Համաս» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, ինչի հետևանքով իրավիճակը լարվեց նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Հրթիռակոծության տակ են Լիբանանի ինչպես սահմանային գյուղերն, այնպես էլ սահմանից հեռու գտնվող մի շարք շրջանները։ Ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասներում, ինչպե՞ս են ապրում հայերը պատերազմական իրավիճակում ու արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց Հայաստան տեղափոխելու համար․ այս ու մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ։ – Պատերազմական այս օրերին ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդյոք կապի մե՞ջ է Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ, ունե՞ք տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասերում։ – Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի քանի ամիս առաջ Լիբանանում սկսված ռազմական գործողություններից անմիջապես առաջ և հետո մշտական կապի մեջ է համայնքային կառույցների, անհատների, ինչպես նաև Բեյրութում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ։ Այդ կապը մշտական է, և ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք իրականացնում՝ հասկանալու իրավիճակը և այն հնարավորություններն ու պայմանները, որոնց մեջ գտնվում է հայությունը։ Այս պահի դրությամբ ուզում եմ նշել, որ Լիբանանում հայության շրջանում և հայկական հաստատությունների շրջանում կորուստներ և ավերածություններ, փառք Աստծո, չկան։ Խնդրում ու հորդորում եմ բոլորին՝ ապատեղեկատվություն մի՛ տարածեք։ Այնտեղ բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով, պարենի և դեղորայքի պակաս ու խնդիր չկա, ավելին, օժանդակություններ տրվում են ինչպես հայության կարիքավոր խմբերին, այնպես էլ Լիբանանի այն քաղաքացիներին, ովքեր ազգությամբ հայ չեն, բայց ունեն դրա կարիքը։ – Այս օրերին կարծիքներ են հնչում նաև նրա մասին, որ Հայաստանը լիբանանահայերին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միգուցե արտակարգ չվերթներ են ակնկալվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները։ – Այո, շատերն ակնկալում էին, որ լինի արտակարգ չվերթ դեպի Բեյրութ՝ Լիբանանից դուրս գալ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու համար։ Այս հարցի շուրջ անմիջապես հետևյալ մեկնաբանությունը կարող եմ տալ․ նախ և առաջ Բեյրութի օդանավակայան չվերթներ կարող է իրականացնել միայն Middle East ընկերությունը՝ տեղական, մերձավոր արևելյան ավիաընկերությունը, ուրիշ որևէ ավիաընկերություն՝ կլինի ֆրանսիական, գերմանական, լեհական, հայկական, չի կարող վայրէջք կատարել այդ օդանավակայանում և չի կարող այնտեղից ուղևորներ տեղափոխել։ Բայց, միևնույն ժամանակ, շաբաթական երկու չվերթ է իրականացվում Երևան-Բեյրութ-Երևան ուղղություններով։ Մեկ ամսվա կտրվածքով, երբ սկսվեցին ակտիվ ռմբակոծությունները Բեյրութում, սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է Բեյրութ-Երևան 10 չվերթ, ժամանել է 1 227 մարդ, իսկ Երևանից Բեյրութ մեկնել է 578 մարդ։ Այսինքն, Բեյրութից Երևան ժամանած ուղևորների դրական տարբերությունը 649 մարդ է կազմում՝ հիմնականում լիբանանահայություն, փոքր թվաքանակ է կազմում սիրիահայությունը և անշուշտ օտարերկրացիներ, այսինքն՝ Լիբանանի քաղաքացիները։ Օդային կապը երբեք չի խզվել Լիբանանի հետ, միևնույն ժամանակ, արտակարգ չվերթով Բեյրութ օդանավ ուղարկելու հնարավորություն որևէ երկրի կառավարություն չի ունեցել։ Ավելացնեմ նաև, որ վերջին երկու օդանավերում 15-20 նստատեղ ազատ է մնացել։ Ինչ վերաբերում է լիբանանահայությանը օժանդակելու հարցին՝ մարդասիրական օգնություն էլ հնարավոր չէ հասցնել իմ թվարկած պատճառներով, լրացուցիչ օդային կապ ստեղծել հնարավոր չէ, բայց կրկին նշեմ՝ մեր տեղեկատվությամբ բոլոր հայկական հաստատությունները աշխատում են, և պարենի ու դեղորայքի խնդիր այս պայմաններում դեռևս չկա և հուսանք՝ չի լինի։ – Կարո՞ղ եք ասել, թե որքան հայ է ապրում տվյալ պահին Լիբանանում։ – Ճշգրիտ տվյալներ նշելը շատ դժվար է, քանի որ Լիբանանում շատերը, բացի Հայաստանի հետ երկքաղաքացիությունից, ունեն այլ երկրների քաղաքացիություն, և մշտական շարժի մեջ են։ Ժամանակակից աշխարհում շատերը աշխատում են ինչպես քաղաքացիության երկրից, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սա դժվարացնում է առկա բնակչության հստակ թիվը նշելը, բայց, կարծում եմ, որ շուրջ 50 հազարի սահմաններում է այս պահի դրությամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:52 - 01 նոյեմբերի, 2024
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան |arm.sputniknews.ru|

Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։ «Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, որ մարդիկ տրամադրվեն հապճեպ երկիրը լքելու։ Բեյրութը լքելու, Հայաստան գալու մտադրություններ համայնքում դեռ չկան։ Մարդիկ ապրում են իրենց ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել՝ անկայուն էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց նաև այն հույսով, որ լավ կլինի»,-ասաց Սինյանյանը։ Նա նշեց, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։ «Հստակ է, որ Հայաստան ժամանածների թիվը 2 անգամ շատ է, քան մեկնողներինը։ Մենք կապ ենք պահում Լիբանանի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի հնարավորինս իրատեսական պատկեր ունենանք, թե տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա։ Սինանյանի խոսքով՝ Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մեծ մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ վերաբերում է հրետակոծությունների հետևանքով մահացած, տուժած քաղաքացիներին, ապա այդ թվում հայեր չկան, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են հայաբնակ թաղամասերից հեռու։ Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին, եթե դրա կարիքը լինի, Զարեհ Սինանյանը հստակ չպատասխանեց, նշելով, որ իր կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի։ Միաժամանակ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի լիբանանահայերին ընդունելու, քան կարող էր ընդունել 2011-12 թվականին՝ սիրիահայերին։Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հեզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:  
09:11 - 22 հոկտեմբերի, 2024
Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:   Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։   Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որին այս տարի մասնակցում են նաև գործընկեր երկրների սփյուռքի գծով պատասխանատու ներկայացուցիչները։   Իր հերթին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել է Հնդկաստանի փորձին սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքներում։   Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կարևորելով երկու երկրների սփյուռքի հարցերով լիազոր մարմինների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը:
16:09 - 28 օգոստոսի, 2024
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Ճուղուրյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- նշված է որոշման մեջ։
11:40 - 30 ապրիլի, 2024
Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը
 |armenpress.am|

Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։ Նպատակ է դրված ունենալ պետականակենտրոն ռազմավարություն։ «Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները կամա թե ակամա պետականաշեն են, ապա Սփյուռքում դրա դրդող պատճառները բացակա են եղել, նորմալ աշխատանք սփյուռքահայերի հետ չի տարվել։ Այն աշխատանքը, որ ցանկանում ենք Սփյուռքի ուղղությամբ կատարել, դրա կենտրոնում բացառապես պետք է լինի պետությունը։ Ոչ թե այն պատճառով, որ մենք էգոիստ ենք, կենտրոնացած ենք մեզ վրա, այլ որովհետև պետությունը տեսնում ենք ոչ միայն Հայաստանի հայության, այլև հայ ժողովրդի, Սփյուռքի հարատևության գրավական։ Չի լինի ուժեղ պետություն, ուրեմն ոչինչ չի լինի։ Եթե Սփյուռքը կարող էր Միջին Արևելքում գոյություն ունենալ երկար տարիներ, ապա այն Սփյուռքը, որը ձևավորվել է վերջին 50 տարիների ընթացքում, երկարատև չի կարող գոյություն ունենալ առանց խարսխի, իսկ այդ խարիսխը պետությունն է»,-ասաց Զարեհ Սինանյանը։ Գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ ներկայում ռազմավարության առնչությամբ արդեն մեծ քանակությամբ դիտողություններ, առաջարկներ, անհամաձայնություններ են ստացել կառավարության տարբեր օղակներից։ Դրանց հիման վրա ռազմավարությունը լրամշակվում է։  Զարեհ Սինանյանը նկատեց, որ պետք չէ շտապել, նոր իրողությունները, զարգացումները պարտադրում են խորքային մոտենալ այս ռազմավարությանը՝ դարձնելով այն հեռանկարային։ Զարեհ Սինանյանը վստահեցրեց, որ ռազմավարության մշակման գործում աշխատանք տարվում է նաև Սփյուռքի հետ։ Հանձնակատարի գրասենյակն այս ռազմավարության ձևավորման սկզբնակետը համարում է Հայաստանում 2022 թվականին կայացած  առաջին համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Այն օգտագործվեց որպես հարթակ որոշ թեզեր քննարկելու, դրանց շուրջ տրամադրությունները ստուգելու համար։ «Դրանից հետո շարունակաբար տարբեր խմբերի հետ աշխատել ենք՝ հասկանալու համար, թե ինչպես են դա ընկալում։ Շատ դժվար է աշխատել բոլորի հետ, որովհետև Սփյուռքը բազմազան է և գործ չունենք 10 անձի կամ 10 կազմակերպության հետ։ Կարող ես 20 կազմակերպության հետ աշխատել, բայց կլինի 200-ը ու կասի՝ մեզ հետ չեք աշխատել։ Մենք փորձում ենք իրատեսորեն ներգրավել Սփյուռքի մեծ քանակի ներկայացուցիչների»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանում անցկացնել համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Մինչ այդ ռազմավարությունը հաստատված կլինի, թե ոչ, միևնույնն է՝ այն լինելու է գագաթնաժողովի առանցքում։ «Մենք հիմա նախապատրաստվում ենք գագաթնաժողովի աշխատանքներին։ Կարելի է ասել, որ դեռ անցած տարվա նոյեմբերից ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ։ Այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 2-րդ կեսին և զուգակցել Հայաստանի անկախության տոնին։ Օրակարգը դեռ հստակեցվում է, սակայն ասեմ, որ անվտանգային հարցերը լինելու են անխուսափելի։ Դա ամբողջ հայության համար մնում է ամենակարևոր խնդիրը։ Անդրադարձ կկատարվի նաև տնտեսական, մշակութային հարցերին։ Այս երեք ուղղությունների վրա ենք հիմնականում կենտրոնանալու»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունն առաջիկա ամիսներին կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
11:35 - 29 հունվարի, 2024
Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: «Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները, բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- նշել է գլխավոր հանձնակատարը: Երկուստեք ընդգծվել են հայ-իրանական հազարամյա կապերի նշանակությունը, հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերություններում, փոխհամագործակցության նոր հնարավորությունների կարևորությունը: Զրույց է ծավալվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևաչափի և սփյուռքի ներգրավվածության հարցերի շուրջ: Հանդիպման ընցաքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու անվտանգային նշանակության տարբեր խնդիրների:
13:52 - 16 օգոստոսի, 2023
Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

tert.am: Ցեղասպանությունը ճանաչվել է, այդ գործընթացը ավարտվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անադրադառնալով Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացին, ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հարցին՝ այդ դեպքում ճանաչել է ամբողջ աշխարհը Հայոց ցեղասպանությունը, Սինանյանը ասաց․ «Ամբողջ աշխարհ ասելով ում նկատի ունեք՝ Չինաստանը, օրինակ, երևի չի ճանաչել, արևմտյան երկրները, Ռուսաստանը ճանաչել են։ Մեր ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել ու ապրում է իր հայրենի հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք, որ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները  կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի հետ։ Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից, մենք պետք է դա կապենք այաօրվա մեր անվտանգության հետ։ Աշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պեություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։ Մենք ինչու ենք այդքան տարի պայքարել Արցախի համար, որովհետև իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման»։
13:56 - 31 մայիսի, 2023
2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ
 |armenpress.am|

2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ |armenpress.am|

armenpress.am: Հայրենադարձության տեմպերը վերջին տարիներին նկատելի աճում են: 2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ սա 1991 թվականից ի վեր ամենամեծ ցուցանիշն է: 2018-2021 թվականներին Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել շուրջ 40 հազար հայ: «Իհարկե, քաղաքացիություն ստանալը դեռ հայրենադարձություն չէ, սակայն գործընթացը սկսվում է հենց դրանից: Դա առաջին և խոշոր քայլն է: Փորձը ցույց է տալիս, որ նրանց զգալի մասը վերադառնում է Հայաստան: Հայրենադարձությունն այլընտրանք չունի պետության զարգացման համար»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը: ՀՀ քաղաքացիության համար դիմողներից, հայրենդարձներից շատերը ՌԴ-ից են, Սիրիայից, Լիբանանից և այլն: Նրա խոսքով՝ հայրենադարձները նոր մշակույթ են բերում իրենց հետ՝ կրթական, աշխատանքային: Շատերը բացում են բիզնեսներ, իրենց գործընկերներին են բերում: Գալիս են մասնագետներ, որոնք ներկայացնում են ծառայությունների ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, տեղեկատվական տեխնոլոգիաները, շինարարներ, բժիշկներ, իրավաբաններ: «Ցանկանում ենք նաև այս հարցը չքաղաքականացնել: Հաճախ նշվում է, որ դա պայմանավորված է պատերազմական գործողություններով: Ասեմ, որ հայրենադարձության լավագույն փորձ ունեցող երկրները միշտ փորձում են օգտագործել ճգնաժամային իրավիճակները, որոնք թույլ են տալիս ակտիվորեն խթանել հայրենադարձությունը»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը: Խոսելով հայրենադարձների խնդիրների մասին՝ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ շրջանակը լայն է՝ երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորել, բնակարանային, անձնական բեռները տեղափոխելու հարց և այլն: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը այդ հարցերում գործակցում է պետական բոլոր օղակների հետ:
17:16 - 13 փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում: Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը: 2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Շարունակվում են Սփյուռքի ներուժի վերհանման և սփյուռքահայ համայնքների ուսումնասիրությունները: Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, կրթամշակութային և երիտասարդական համատեղ միջոցառումների իրականացում և այլն: Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ ընթացքի մեջ են համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման, Սփյուռքահայ խորհրդի ձևավորման, տնտեսական ակտիվության խթանման, բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները: 2023թ. նախատեսվում են մի շարք նոր նախաձեռնություններ: Նշվել է, որ Գրասենյակը շարունակական հանրային իրազեկում է իրականացնում իր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացված լինելով սոցիալական բոլոր հարթակներում: Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետը կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը, Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում, նշել է համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի կարևորությունը, որի ներդրումը կխթանի կապերի վերաիմաստավորումը: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս Սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է Սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում:
16:43 - 08 փետրվարի, 2023
Այս պահի դրությամբ երկրաշարժից Հալեպում 4,  Թուրքիայում 2 հայ է զոհվել
 |azatutyun.am|

Այս պահի դրությամբ երկրաշարժից Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Այս պահի դրությամբ, երկրաշարժի հետևանքով, Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել, «Ազատությանը» տեղեկացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ այս թիվը կարող է փոխվել։ Մալաթիայում զոհվածները, Ալեքսանյանի փոխանցմամբ, ամուսիններ են։ Ավելի վաղ հաղորդվել էր Հալեպում երկու հայի զոհվելու մասին, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Արտգործնախարարությունն աշխատում էր նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։  Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից մեկը 7,7 մագնիտուդով, ապա՝ 5,9 մագնիտուդով։
15:27 - 06 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր hանձնակատար Զարեh Սինանյանը այսօր Կառավարության նիստից hետո լրագրողների hետ զրույցում անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ սփյուռքում կազմակերպվող ցույցերին․   «Ցույցեր լինում են, և ինչպես hայտարարել էի,  շատ ավելի ակտիվ է սփյուռքը այդ իմաստով։ Ընդhուպ մինչև Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը, կարծում եմ աննախադեպ է, ինչպես և տեղի էր ունեցել Եկատերինբուրգում անցած շաբաթ։ Սփյուռքը ակտիվանում է, բայց մեր ցանկալի ակտիվությունը չի, և դա նաև կախված է նրանից, որ բոլորս ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, բայց արդյունքի չենք hասել»։ Անդրադառնալով hայտարարություններին, ըստ որոնց ՀՅԴ մի շարք անդամների մուտքը Հայաստան արգելվել է, Սինանյանն ասաց․ «Եթե կոնկրետ պատճառների մասին եք ուզում իմանալ, ԱԱԾ-ին պետք է hարցնեք, բայց որքանով ես տեղյակ եմ, բոլորը (մուտքը արգելելու դեպքերը,-խմբ․) կապված են մեկ միջադեպի hետ՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական hարձակման»։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնել էր, որ առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: ՀՅԴ-ն հիշեցրել  էր  նաև, որ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչվել ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը։
12:59 - 02 փետրվարի, 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես հայտնում են Հանձնակատարի գրասենյակից, Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ: Քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: «Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,-նշել է դեպարտամենտի ղեկավարը: Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։ Երիտասարդների հարցերը հանձնակատարին՝ վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտեգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին և այլն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները՝ Նիժնի Նովգորոդում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հունան Ղուլյանի միջոցով։ Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Ս.Ամենափրկիչ տաճարում, այնուհետ այցելել է «Ռուսաստան` իմ պատմություն» թանգարան։ Այցի երկրորդ օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանի։ Զարեհ Սինանյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համայնքում իրականացվող աշխատանքների, տեղի իշխանությունների կողմից բարձր գնահատականի արժանանալու և իրենց գործունեությամբ Հայաստանի ու հայերի հեղինակությունը բարձր պահելու համար։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, ապա պատասխանել կրթության, գիտության, մշակույթի, բիզնեսի ոլորտներին, համայնքների զարգացմանը, սփյուռքի ներուժին, համայնքի և գրասենյակի արդյունավետ հաղորդակցությանը և այլ թեմաների վերաբերող հարցերի։ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը և բարձրաձայնել խնդիրներ, որոնց լուծման գործում ակնկալում են գրասենյակի անմիջական աջակցությունը։ Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը գրասենյակի կողմից շնորհակալագրեր է հանձնել խորհրդի նախագահ Աղասի Ալեքյանին` Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար, հայ համայնքին կից «Նաիրի» հայկական ժողովրդական պարի անսամբլի ղեկավար Կարինե Քոչարյանին` ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման գործում նշանակալի ավանդի համար և Լոբաչևսկու անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտի հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանին` հայոց լեզվի և ազգային կրթության պահպանման ու զարգացման, մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։ Հանդիպման ավարտին համագործակցությունն ակտիվ շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
11:02 - 27 հունվարի, 2023