tert.am: Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների ինքնիրացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման քայլեր են արվում։ Ըստ նրա՝ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին, և այս նախագիծը կգա լրացնելու բացը․
«2022-ից մեկնարկելով՝ կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի համագործակցությամբ, մարզերում ձևավորվել է հինգ կենտրոն՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս չորս կենտրոն տարբեր մարզերում, հաջորդ տարիների պլաններում նախատեսված է ևս 6 կենտրոնի ձևավորում»,- ասել է նախարարը։
Մյուս տարի կմեկնարկի բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոնի, մշակույթի տան, համայնքային գրադարանի ձևաչափերով։
Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը. «Հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենքի փաթեթի հիմնավորման տեղեկանքում և հիմնված թե միջազգային պրակտիկայի, թե մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա»,- ասել է նա։
comment.count (0)