Նշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար. Մեսրոպյան |news.am|
13:05 - 07 նոյեմբերի, 2024

Նշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար. Մեսրոպյան |news.am|

news.am: Ինչ կարծիք ունեք վերջին շրջանի երկու ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին, հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նկատի ունեմ երկու կարեւորագույն հարց, որոնք պարբերաբար քննարկվում է եւ հանրային տիրույթում է: Դա ՀԾԿՀ սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է եւ նաեւ մատուցվող ծառայությունների որակի խնդիրը: Կա կարծիք, որ այն դիզայնը, որ գոյություն ունի, բավարար չէ, որ որակը լիարժեք ապահովվի, նաեւ գնումների գործընթացը բավական թափանցիկ լինի»,-ասաց նա:

Ի պատասխան Մեսրոպյանն ասաց. «Որակի ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար»: Նա խոստացավ, որ նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով կփորձի խոր աուդիտ կանցկացնի վերջին 10 տարում կատարված ներդրումներն ու դրանց արդյունավետությունը գնահատելու համար։

«Գնումների մասով պետք է բացառել տվյալ ընկերությունների հետ փոխկապակցված կառույցների մասնակցությունը, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ երբ ունենում ենք նման դեպքեր, թե՛ ձեռք բերված սարքերն ու ծառայություններն ունենում են շուկայականից ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը հեռու է լինում ցանկալի արդյունքից»,- ասաց Մեսրոպյանը։

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է կես տարի՝ 2020 թվականի նոյեմբերի 26–ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:

Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել