armenpress.am: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համոզված է, որ հայ արտադրողներն ունակ են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ կունենա նաև Ռուսաստանի սպառողների համար։
Այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ՝ գնահատելով հայ-ռուսական առևտրատնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը և հետագա հեռանկարները։
Գրիգորյանը նկատել է, որ այդ փոխգործակցության թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանն առևտրի ոլորտում ունեն ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն։
«Իհարկե, կան շատ խնդիրներ, և, եթե նայենք շուկայի չափերին, ապա դրանք մեզնից լրացուցիչ ջանքեր են պահանջում համահունչ լինելու համար»,-ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ հայ արտադրողները կարող են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ ունի նաև Ռուսաստանի սպառողների համար, սակայն, արտահանումը հաջողությամբ մեծացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել լոգիստիկային և կոնսոլիդացիային։
«Գյուղատնտեսական համալիրում որակյալ արտադրողները՝ որպես կանոն, փոքր և միջին ձեռնարկություններն են։ Համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ շուկա մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ և համակարգում», - նշել է Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ կարևոր է խթանել լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, արտադրանքի կոնսոլիդացիայի համակարգերի զարգացումը և անխափան մատակարարումների ապահովումը։
Նա նշել է, որ բոլոր այդ հարցերի շուրջ հայկական ու ռուսական կողմերն ակտիվորեն աշխատում են և օգնություն են ցուցաբերում լոգիստիկ հարցերում, այդուհանդերձ, այդ հարցերի շուրջ դեռևս շատ անելիքներ կան։
ՀՀ փոխվարչապետը շեշտել է, որ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու ցանկությունն ու ներուժն անսահմանափակ են։
«Արտադրության և արտահանման աճի առումով մենք որևէ սահմանափակում չունենք։ Մենք միայն դա մեծացնելու ցանկություն ունենք»,-հավելել է Մհեր Գրիգորյանը։
comment.count (0)