ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան. բոլոր գործերը հարուցվել են որպես հանցավոր արարքների հակազդեցություն. Գալյան |news.am|
13:08 - 07 նոյեմբերի, 2024

ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան. բոլոր գործերը հարուցվել են որպես հանցավոր արարքների հակազդեցություն. Գալյան |news.am|

news.am: Արարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ձեզ չի՞ կաշկանդի, եթե քրեական գործերով անցնեն ՔՊ անդամներ, նրանց մտերիմները, Գալյանը պատասխանեց. «Այդ հարցը ինձ կարող էիք տալ, երբ ես իրավապահ համակարգում աշխատելիս լինեի: Հիմա, կարծում եմ՝ չեմ առնչվելու նմանատիպ իրավիճակների հետ: 

Անդրադառնալով Արդարադատության պաշտոնում առաջադրվելուն, Սրբուհի Գալյանը հայտարարեց՝ իր համար սպասելի չէր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն կառաջադրի Արդարադատության նախարարի պաշտոնում։

«Ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ, ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը։ Նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը և այդ պատասխանատվության գիտակցումը պայմանավորել է իմ համաձայնությունը»,-ասաց նա։

 

 Հարցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր էլ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ ստորագրահավաք կսկսեն և կստիպեն հրաժարական տալ, նախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ գործադիրում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալը, կարծում եմ՝  տեղին չէ:

Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն ու միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Կփորձենք վեր հանել խնդիրները, հասկանալու, թե որտեղ է արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել