Քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ
14:50 - 11 նոյեմբերի, 2024

Քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ

Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում՝ վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ընթացակարգային անհստակությունների:

Խնդրի լուծման նպատակով Կառավարությունն առաջարկում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը նոյեմբերի 11-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորման նպատակը, նշել է, որ առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ղեկավարների ու տեղակալների կարգապահական վարույթներն իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Պատգամավորը լիահույս է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի այդ կարողությունները ու կկարողանա իրականացնել արդար քննություն: Հարակից զեկուցողն առաջարկել է հանձնաժողովին դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին, սակայն մեկ դիտարկմամբ, որպեսզի դատախազին ու նրա տեղակալներինը եւս ներառվի փաթեթում՝ մեկ միասնական մոտեցումը պահելու նպատակով:

Հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տրվել նաև Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել