hetq.am: Չնայած հրավերին՝ Հայաստանը COP29-ին մասնակցության համար պատվիրակություն չի ուղարկել։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին: Ցավոք, հայկական պատվիրակությունը ներկայացված չէ COP29-ում՝ չնայած հրավերին։ Միաժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը վարում է միայն սեփական միակողմանի քարոզչությունը»,- պնդել է Հաջիևը։
Ադրբեջանցի այս պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը COP-ում իր նախագահության շրջանակներում ստեղծել է անհրաժեշտ պայմաններ, որպեսզի բոլոր երկրները կարողանան մասնակցել կարևոր և արդյունահեն բանակցություններին:
«Սակայն, Հայաստանն ու նրա հետ կապված ուժերը, փոխանակ մասնակցեն այս կարևոր բանակցություններին, COP29-ին ընդառաջ ակտիվ մասնակցություն են ունեցել հակաադրբեջանական քարոզչությանը»,- շարունակել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, ինչին մասնակցության նպատակով Բաքու են ժամանել աշխարհի տասնյակ առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Հայկական կողմը նախօրեին հայտնել էր, որ դեռևս վերջնական որոշում չկա այս համաժողովին մասնակցության մասով։
comment.count (0)