1lurer.am: 2025 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձավ ընդդիմության քննադատություններին՝ կապված պետական պարտքի հետ՝ դրանք որակելով «թվային մանիպուլյացիաներ»:
«Օրինակ՝ ես հիմա կարող եմ մի թիվ հնչեցնել, որը բացարձակ ճշմարտություն է: Օրինակ՝ կարող եմ ասել, որ 2021 թվականի օգոստոսից սկսած՝ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները միասին մինչ օրս ստացել են 550 միլիոն դրամ աշխատավարձ՝ գումարային, ու սկսեինք դատողություններ անել: Իմաստը ո՞րն է: Բա պետք է ստանայիք այդ աշխատավարձը: Դնեի ասեի՝ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք 550 միլիոն դրամով քանի դպրոց կարելի էր վերանորոգել: Մարդիկ ձեզ ընտրել են, պատգամավոր եք աշխատում, իսկ թե ոնց եք աշխատում, դա մենք չենք դատելու»,- ասաց Թունյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, թե ամեն մի մարդու վրա պարտքի բեռ է դրվել, ապա պարզաբանեց՝ պետական պարտքը կուտակային ցուցանիշ է՝ պաշար:
«Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքի չափը: Այս 12 միլիարդ դոլարը, որ դուք նշում եք, մենք չենք զրոյից սարքել 12 միլիարդ դոլար: 2018 թվականին արդեն պետական պարտքը այդ գումարի կեսն էր: Ասում եք՝ 6 տարում պետական պարտքը երկուսուկես անգամ աճել է: Շատ հետաքրքիր է՝ ոնց եք այդ հաշվարկը արել:
2018-ին պետական պարտքը եղել է 3,3 տրիլիոն դրամ, այս տարվա վերջին կանխատեսվում է, որ կլինի 5 տրիլիոն դրամ: Աճել է 1,5 անգամ կամ 50 տոկոսով: Դուք գիտեք, որ այդ պարտքը աճել է 2020 թվականի իրադարձությունների հետևանքով՝ եղել է պատերազմ, քովիդ, կարիք է եղել պարտք ավելացնել, նույնկերպ, ինչպես 2009 թվականի ճգնաժամից հետո ՀՀ պետական պարտքը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճեց»,- պարզաբանեց Թունյանը:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի քննադատությանը, թե իշխանությունը պարտքի հաշվին դպրոց ու մանկապարտեզ է կառուցում, հակադարձեց՝ արդյո՞ք դրանով վատ բան է ասում իշխանության հասցեին:
«Իմ կարծիքով՝ շատ լավ բան եք ասում: Բա դպրոցից ու մանկապարտեզից ավելի կարևոր ներդրում կա՞ ապագայի մեջ: Եթե ժամանակին կրթությանն ու գիտությանը պատշաճ ուշադրություն դարձվեր, այսօր լրիվ այլ որակի երկիր ու տնտեսություն կունենայինք: Ասում եք՝ իսկ ո՞ւր են այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվել: Ինչի վրա որ ծախսվել են ներգրավված միջոցները, կարող եք տեսնել ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, մնացածի մեջ, իսկ թե ինչի վրա է ծախսվել մինչև 2018-ը ներգրավված վարկային միջոցների մի զգալի մասը, եթե տեղը ուզում եք, կարող եք բացել ապօրինի գույքի քննվող գործերը և կտեսնեք՝ դրանք ուր են»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին վերաբերող քննադատությանը, պարզաբանեց՝ Կառավարության ծրագիրը վերաբերում է 2021-2026 թվականներին, և այդ ժամանակահատվածի համար մեր միջին տնտեսական աճը կազմում է ավելի քան 7 տոկոս:
«Այսինքն՝ այն, ինչ մենք խոստացել ենք»,- ավելացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ի հետ կապված քննադատությանը, ասաց՝ տարբերությունը նախկինի ու ներկայի միջև այն է, որ հենց իրենք են բարձրացնում այդ հարցերը:
«ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի: Չի եկել մեզնից հետո ուրիշ իշխանություն ու բացահայտել, թե ինչ է կատարվում»,- հավելեց Բաբկեն Թունյանը:
comment.count (0)