armenpress.am: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները նոյեմբերի 21-ին շուրջ 20 ռազմական գործողություններ են իրականացրել Իսրայելի բանակի դեմ՝ հրթիռակոծելով Աշդոդում և Հայֆայում գտնվող ռազմակայանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է շարժման տարածած հաղորդագրությունում:
Ըստ տեղեկությունների՝ սահմանային Թել Հարֆա բնակավայրում հարձակման են ենթարկվել նաև իսրայելական մեկ դիվերսիոն և մի քանի տարհանման խմբեր՝ զրահատեխնիկայով հանդերձ: Նշվում է, որ իսրայելական կողմն ընդունել է չորս զինվորականների զոհվելու և վեց մարտիկի վիրավորվելու փաստը:
Իսրայելցի զինվորականների ևս մի քանի խմբեր հարձակման են ենթարկվել Իսրայելի տարածքում՝ Միտուլա բնակավայրի մոտ:
Հաղորդագրության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն առաջին անգամ հրթիռակոծել են Լիբանանի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա՝ Աշդոդ քաղաքից արևելք գտնվող իսրայելական Հաթցոր ավիաբազան:
Նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհի են ենթարկվել Ակկո քաղաքում գտնվող Շարագա ռազմաբազան, Հոլանի բարձունքներում տեղակայված վաղ նախազգուշացման կենտրոնը և Իսրայելի ռազմածովային ուժերի Հայֆայի բազան, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից 35 կմ հեռու:
Իսրայելական ինքնաթիռներն էլ իրենց հերթին հարվածների չորս շարք է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես նաև արևելյան Լիբանանի Բեքաայի հովտի մի քանի բնակավայրերին:
comment.count (0)