ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը քննարկել է սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։
«Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։
Զեկուցվեց, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
Պետք է նշեմ, որ այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից և «Սևան» ազգային պարկի տարածքից շարունակում են կամովին դուրս բերել իրենց լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։
Պատասխանատուներին խնդրել եմ ուշադրության կենտրոնում պահել և մշտադիտարկումներ անցկացնել, որ այս դրական տենդենցները շարունակվեն։
Հատուկ խնդիր եմ ձևակերպել շուկաներում և վաճառքի կետերում ուժեղացնել վերահսկողությունը»,- ասել է Սիմիդյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առկա խնդիրները՝ կապված առգրավված ձկնապաշարի պահման և գիտական համայնքի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ։
«Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում եմ աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտեցեք համազգային կարևորության այս խնդրին և աջակցեք որսի արգելքի միջոցառումների իրականացմանը»,- ասել է նախարարը:
comment.count (0)