armenpress.am: Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Ձեր պաշտոնական այցը Հայաստան ևս մեկ ապացույց է ինչպես մեր երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ Հայաստան-Լեհաստան համագործակցության կարևորության հավաստման համատեքստում։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-լեհական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային դատողություններ։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին»,-ընդգծեց նախագահը։
Վահագն Խաչատուրյանը նաև շնորհակալություն հայտնեց Լեհաստանի ժողովրդին և կառավարությանը՝ լեհահայ համայնքի հանդեպ բարեսիրտ վերաբերմունքի և հյուրընկալության համար։
ՀՀ նախագահը շեշտեց՝ Հայաստանը բարձր է գնահատում երկկողմ համագործակցության ներկա մակարդակը։
«Լեհաստանը՝ որպես Եվրամիության խորհրդի գալիք նախագահող, Արևելյան գործընկերության ճարտարապետ այսօր էլ կարևոր և վստահելի գործընկեր է Հայաստանի համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրոպական Միություն համատեքստում։
Քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական դիվանագիտությունը և գոհացուցիչ է այսօր մեր պետությունների օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունը»,-եզրափակեց Խաչատուրյանը։
comment.count (0)