Հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը
22:26 - 11 դեկտեմբերի, 2024

Հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
 
Ծրագրով սահմանվում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և վերջինիս հասնելու արդյունավետ ճանապարհը․ նպատակը՝ զբաղվածության աճի ապահովումն է` մրցունակ ու զբաղունակ աշխատուժի ձևավորման, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:
 
Ըստ այդմ՝ ռազմավարական ծրագրի շրջանակում սահմանվել են հետևյալ ռազմավարական նպատակները`
 
• մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ.

• 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով.

• կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով, մասնավորապես՝ թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը.
 
• ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով.

• զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:
 
Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարելի է այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8070։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել