ՀՀ վարչապետին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|
15:45 - 13 դեկտեմբերի, 2024

ՀՀ վարչապետին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։ 

«Նախագահը (խմբ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) հրավիրել է պարոն Փաշինյանին և, իհարկե, սպասում է նրան մյուս գործընկերների հետ միասին Սանկտ Պետերբուրգում ավանդական հանդիպմանը, որն, իհարկե, ոչ ֆորմալ բնույթ է կրում, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵԱՏՄ-ն։ Օրակարգը բավականին հագեցած է»,-նշել է Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ նախագահելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետի ու ՌԴ նախագահի առանձին հանդիպում նախատեսված չէ՝ շեշտելով, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները երկրների վարչապետների մակարդակով են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել