hetq.am: Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ իրանց պատկանող, սակայն բռնագանձման ենթակա գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։
Արա Կուբանյանից բացի, Դատախազություն է հրավիրվել նաև վերջինիս հայրը՝ Լևոն Կուբանյանը, և մայրը՝ Աղավնի Կուբանյանը։ Նրանք հրավիրվել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն դատավոր որդու գույքի ուսումնասիրության առնչությամբ։
Դատախազությունից փոխանցեցին, որ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանն արդեն ներկայացել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Նշենք, որ նշված դատավորների լիազորությունները 2021թ․ հուլիսի 21-ից կասեցված են։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հատկանիշներով։ Քրեական գործը քննվում է դատարանում։
comment.count (0)