Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան
10:15 - 10 մարտի, 2025

Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ սրա վերաբերյալ մի քանի ժամվա ընթացքում երեք գրառում է կատարել. 

«Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»։

Հաջորդ գրառման մեջ նշել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: 

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»։

Երրորդ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։

Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»:

Այսպես Նիկոլ Փաշինյանը  արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին: 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։

«Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել