Հանրային հեռարձակողի խորհուրդը պարզաբանում է տարածել ամանորյա ուղերձների մասով
17:16 - 27 դեկտեմբերի, 2024

Հանրային հեռարձակողի խորհուրդը պարզաբանում է տարածել ամանորյա ուղերձների մասով

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների վերաբերյալ, որում ասվում է, որ հեռարձակման եթերաժամերը որոշելիս յուրաքանչյուր հեռարձակող առաջնորդվում է իր ծրագրային բազմազանությամբ։

«Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

-հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ

-արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում մտքի, խղճի և կրոնի ազատությունը,

-առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,

-հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով,

-կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից,

-վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,

-հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք»,-ասված է հայտարարության մեջ:

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը: Ուղերձը կհեռարձակվի հասանելի լրատվամիջոցներով «Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի էր դարձել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել