Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհուրդ
13:07 - 13 հունիսի, 2025

Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհուրդ

Հայաստանի Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով ՀՀ իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն: Խորհրդակցության արդյունքներով՝ Խորհուրդը հայտարարություն է տարածել:

«Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա՝ ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաև՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում: Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»,- նշված է հայտարարության մեջ: 

Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը:

Խորհրդի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ հանրային կյանքին վերաբերող բոլոր էական հարցերը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել