Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին
18:07 - 08 հունվարի, 2025

Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
 
Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները:
 
«2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, իսկապես լուծում են ստանում: Մեր հարաբերությունների կառուցման համատեքստում մթնոլորտը դրական և փոխադարձ հասկանալի ու ընդունելի է: Կարող եմ Հայաստանի Հանրապետության կողմից վստահեցնել, որ մենք պատրաստակամ ենք, և շարունակելու ենք ջանքեր ներդնել մեր համագործակցության շրջանակի ընդլայնման համար: Հույս ունեմ, որ 2025 թվականն այդ առումով նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի կլինի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
 
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր անձնական աջակցության և հետաքրքրվածության համար ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում: Անցյալ տարվա ընթացքում ցուցաբերված բաց և ուղղորդված մոտեցումը շատ կարևոր էր այն ձեռքբերումների համար, որոնց մասին Դուք նշեցիք: Հույս ունեմ եմ, որ կարող ենք այս նոր տարվա ընթացքում ևս ապավինել ձեր աջակցությանը և բարի կամքին:
 
Ցանկանում եմ Նոր տարվա կապակցությամբ անձամբ Ձեզ և հայ ժողովրդին հղել իմ լավագույն մաղթանքները, թող լինի հաջողության, ձեռքբերումների, խաղաղության տարի: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր ջանքերին: Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»:
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մարագոսը նախագահին է ներկայացրել և ամփոփել անցած տարվա ընթացքում պատվիրակության գործունեությունն ու իրականացված ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին և համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
 
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է Եվրամիության հետ բազմաշերտ փոխգործակցության առաջմղման գործում Հայաստանի պատրաստակամությունը և հույս է հայտնել, որ մեկնարկած տարում նոր ձեռքբերումներ կգրանցվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել