armenpress.am: Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նոր իրավակարգավորումներ էլեկտրաէներգիայի վթարային անջատումների դեպքում դրա վերականգնման, իսկ սահմանված ժամկետները խախտելու դեպքում՝ տույժերի չափերի վերաբերյալ։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։
«Էլեկտրաէներգիայի վթարային անջատումների դեպքում քաղաքային համայնքներում դրա վերականգնման ժամկետը 3 ժամ է, գյուղական համայնքներում՝ 6 ժամ։ Եթե նշված ժամանակահատվածը գերազանցում է սահմանվածը, ապա թե նախկինում, թե հիմա գործում է տույժ բաժանորդի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի՝ քան 2500 դրամը։ Նոր կարգավորումների համաձայն՝ եթե սահմանվածի կրկնակի չափն է գերազանցել նշված ժամանակահատվածը, ապա տույժը կգործի սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3500 դրամը, իսկ եթե դեպքը կրկնվում է մեկ օրացույցային տարվա ընթացքում երկրորդ անգամ, ապա միջին ամսական գնված էլեկտրաէներգիայի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը»,-պարզաբանեց Ղոսալմյանը՝ հավելելով, որ տույժ չի վճարվում ֆորս մաժորի հետևանքով վթարային անջատումների պարագայում։
Նրա խոսքով՝ վճարման հաշվում ցանցն ավտոմատ կերպով հաշվի կառնի տույժն՝ առանց սպառողի դիմումի, որից հետո կնվազեցվի հաշվարկային փաստաթղթում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ նոր իրավակարգավորումները, որպես այդպիսին, կանխարգելող բնույթ ունեն, որպեսզի ընկերության աշխատանքներն այնպես կազմակերպվի, որ հնարավորին նվազագույնի հասցվեն վթարներն ու վերականգնման ժամկետները։
Այդուհանդերձ, ըստ Ղոսալմյանի, համակարգի բարելավման համար մեծածավալ ներդրումների անհրաժեշտություն կա։
comment.count (0)