ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը:
«Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) (2 դրվագ):
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ՝
Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համապատասխանաբար 33.4719 հա և 33.681 հա մակերեսով հողամասերի օտարման աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33.681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։
Քրեական վարույթով ձեռք բերված նոր հանգամանքներով պայմանավորված՝ Դատախազությունն առաջիկայում մյուս՝ 33.4719 հա մակերեսով հողամասը համայնքին վերադարձնելու վերաբերյալ նոր հայց կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)