Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան |armenpress.am|
11:11 - 02 սեպտեմբերի, 2019

Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարարությունը բուժհաստատություններին տալիս է բավարար չափով գումար, որ երեխաների համար պետպատվերով վիրահատությունների հերթագրում չլինի, բժիշկները պացիենտից հավելյալ գումար չակնկալեն:

Այս մասին նախարարության վերջին ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրեց նախարար Արսեն Թորոսյանը:
Վարչապետը հետաքրքրվեց երեխաների հիվանդանոցային բուժմամբ: Արսեն Թորոսյանը նշեց, որ կա երկու սցենար:

Պլանային վիրահատության դեպքում, երբ, օրինակ, 9 տարեկան երեխայի բուժումը չի տվել ցանկալի արդյունք, կա վիրահատության կարիք, տեղամասային պոլիկլինիկայի մանկաբույժը տալիս է պետական պատվերով ուղեգիր: «Այդ ուղեգրով մոտենալու են հիվանդանոցի ընդունարան:

Եվ մեր այս պահի բյուջետային հատկացումները թույլ են տալիս, որ հերթագրումը տեղի ունենա միայն բժիշկների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Գումարի պակասի պատճառով հերթագրում չի լինելու»,-վստահեցրեց Թորոսյանը:

Վարչապետը նկատեց՝ տասնյակ դեպքեր են լինում, երբ անձը պետպատվերով պետք է բուժվի, հերթագրվում է, սակայն ծառայությունը չի մատուցվում, քանի որ ասում են, թե պետպատվերի գումարը վերջացել է:

Թորոսյանը հավաստիացրեց, որ այդ մասով նման խնդիր չկա: Մնացած ծառայությունների մասով էլ էական բարելավում ունեն:

«Մենք բուժհաստատություններին այնքան բավարար ֆինանսավորում ենք տալիս, որպեսզի հավելյալ եկամուտ չակնկալեն պացիենտներից, ակնկալելու դեպքում պատրաստ ենք արագ արձագանքել»,-նշեց նախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյոք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել