«Թալիբան»-ի անդամը հայտարարել է, որ արդարացում չկա կանանց կրթությունն արգելելու համար. AP
 |news.am|
14:15 - 19 հունվարի, 2025

«Թալիբան»-ի անդամը հայտարարել է, որ արդարացում չկա կանանց կրթությունն արգելելու համար. AP |news.am|

news.am: Թալիբանի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել շարժման առաջնորդին հանել աֆղան կանանց և աղջիկների կրթության վրա դրված արգելքները՝ ասելով, որ դրանց համար արդարացում չկա, ինչը կառավարության քաղաքականության հազվադեպ հանրային դատապարտում է, հաղորդում է Associated Press-ը:

Քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Շեր Աբբաս Ստանիկզայն այս ելույթով հանդես է եկել  շաբաթ օրը հարավարևելյան Խոստ նահանգում։

Կրոնական դպրոցում արարողության ժամանակ նա հավաքվածներին հայտարարել է, որ կանանց և աղջիկների կրթությունը մերժելու ոչ մի պատճառ չկա, «ինչպեսև նախկինում դրա համար արդարացում չկար և ընդհանրապես չպետք է լինի»:

Աֆղանստանի կառավարությունն արգելել է կանանց կրթություն ստանալ վեցերորդ դասարանից հետո։ Անցյալ սեպտեմբերին տեղեկություններ հայտնվեցին, որ իշխանությունները դադարեցրել են նաև կանանց բժշկական ուսուցումն ու դասընթացները:

Աֆղանստանում կանանց և աղջիկներին կարող են բուժել միայն կին բժիշկներն ու բուժաշխատողները: Իշխանությունները դեռ չեն հաստատել բժշկական ուսուցման արգելքը։

«Մենք կրկին կոչ ենք անում ղեկավարությանը բացել կրթության դռները, - ասել է Ստանիկզայը X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում:- Մենք անարդար ենք վարվում 40 միլիոն բնակչությունից 20 միլիոն մարդու նկատմամբ՝ զրկելով նրանց իրենց բոլոր իրավունքներից։ Խնդիրը իսլամական օրենքը չէ, այլ մեր անձնական ընտրությունը կամ բնույթը»:

Ստանիկզայը ժամանակին գլխավորել է Թալիբանի թիմն այն բանակցություններում, որոնք հանգեցրել են Աֆղանստանից օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերմանը: Առաջին անգամը չէ, որ նա ասում է, որ կանայք և աղջիկներն արժանի են կրթություն ստանալու։ Նա նմանատիպ հայտարարություններ է արել 2022 թվականի սեպտեմբերին՝ աղջիկների դպրոցների փակվելուց մեկ տարի անց և համալսարանում ուսանելու արգելքի սահմանումից ամիսներ առաջ, նշում է Associated Press-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել