Թալիբանի վարչակազմի պաշտոնյաները Բաքվում կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին |hy.armradio.am|
10:51 - 10 նոյեմբերի, 2024

Թալիբանի վարչակազմի պաշտոնյաները Բաքվում կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին |hy.armradio.am|

hy.armradio.am: Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնյաները կմասնակցեն COP29 համաժողովին, հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը:

Թալիբներն իշխանության են եկել 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ 20 տարի երկրում տեղակայված ԱՄՆ ուժերի դուրս գալուց հետո։ ՄԱԿ-ը թույլ չի տվել թալիբներին Գլխավոր ասամբլեայում զբաղեցնել Աֆղանստանի տեղը, և Աֆղանստանի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից՝ հիմնականում թալիբների կողմից կանանց կրթության և ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով:

Աֆղանստանի արտգործնախարար Աբդուլ Քահար Բալխին ասել է, որ Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության պաշտոնյաները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու COP համաժողովին:

Թալիբանի պաշտոնյաները մասնակցել են Աֆղանստանի վերաբերյալ ՄԱԿ-ի կազմակերպած հանդիպումներին Դոհայում, իսկ թալիբների նախարարները վերջին երկու տարիներին մասնակցել են Չինաստանում և Կենտրոնական Ասիայում ֆորումներին:

Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի COP-ի բյուրոն 2021 թվականից հետաձգել է Աֆղանստանի մասնակցության քննարկումը՝ փաստացիորեն սառեցնելով գործընթացը։ Կլիմայի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու հարցում վերջին տարիներին դժվարություններ ունեն նաև Աֆղանստանի հասարակական կազմակերպությունները:

Ադրբեջանն Աֆղանստանի շրջակա միջավայրի գործակալության պաշտոնյաներին հրավիրել է COP29 որպես դիտորդներ՝ հնարավորություն տալով նրանց «մասնակցել հնարավոր քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել», Reuters-ին ասել է խնդրին ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրը:

Քանի որ թալիբները ՄԱԿ-ի համակարգում պաշտոնապես ճանաչված չեն որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, աղբյուրը նշում է, որ պաշտոնյաները չեն կարող հավատարմագրեր ստանալ լիիրավ անդամ երկրների նիստերին մասնակցելու համար:

Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Աֆղանստանը համարվում է կլիմայի փոփոխությունից ամենաշատ տուժած երկրներից մեկը։ Այս տարի ջրհեղեղները հարյուրավոր մարդկանց կյանք են խլել, և գյուղատնտեսությունից մեծապես կախված երկիրը տուժել է ուժեղ երաշտի պատճառով: Շատ ֆերմերներ, որոնք կազմում են բնակչության մեծ մասը, բախվել են պարենային անապահովության խնդրի նետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել