«Գողացվածը վերադարձնելու» օրակարգ եղել է և կա. Նիկոլ Փաշինյան
13:09 - 31 հունվարի, 2025

«Գողացվածը վերադարձնելու» օրակարգ եղել է և կա. Նիկոլ Փաշինյան

Այո, «գողացվածը վերադարձնելու» օրակարգ եղել է և կա: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե 2018թվականից հետո կոնկրետ ցուցանիշներով և օրինակներով «ժողովրդից թալանվածը» որքանով է վերադարձվել:

Ապա Փաշինյանը ներկայացրեց այդ գործընթացի, իր խոսքով, գործնական նկարագրությունը՝ ինչ է տեղի ունենում, ոնց է վերադարձվում գողացվածը:

«Այսինքն՝ մենք բոլորով կամ մեր մի մասը գնում է ինչ-որ տեղ, գողացվածը վերցնում է և բերում է, դնում է 2-րդ տեղը, 2-րդ տեղը էդ պետական գանձարանն է, կամ բյուջեն է: Էս թեզը գոյության իրավունք ունի… Հիմա հարց՝ էդ գողացվածը մի տեղում դրա՞ծ է, և մենք գիտենք դրա տեղը։

Անկախ գաղափարական ընդունելությունից, սա գործնականում հնարավոր կլինի, եթե գողացածը մի տեղ դրած լինի (շատ լավ, մենք տեղը չգիտենք), բայց մի տեղ դրած լինի, ման գանք, ման գանք, ման գանք, հասցեն գտնենք, ասենք էստեղ է, գնացինք, ֆուռերի, բեռնատարների շարասյունով գնում ենք, բարձում ենք էդտեղից և բերում ենք Հանրապետության հրապարակ կամ Կենտրոնական բանկ, կամ չգիտեմ որևէ տեղ տանում ենք, պետական ռեզերվներում բեռնաթափում ենք, ասում ենք՝ ժողովուրդ, գողացածը հետ բերեցինք։

Նշելով, որ իր ասածի մեջ սարկազմ չկա, նա հարց ուղղեց, թե ինչու սա տեղի չի ունեցել, և պատասխանեց. «Մի պարզ պատճառով, որովհետև գողացածը մի տեղ չի, գողացածը տասնյակ, երբեմն 100–ավոր, մեծ հավանականությամբ ավելի շատ տեղերում են։ Հիմա, եթե մենք էդ բոլոր տեղերի հետևից հերթով գնանք, եթե ենթադրենք 2018 թ.ից հերթով բոլոր տեղերի հետևից գնացել ենք, մինչև հիմա էդ բոլոր գողացվածը հետ բերած չէր լինի, եթե մենք ամեն օր գնայինք, ինչոր բան բերեինք, որովհետև տարբեր տեղերում գտնվողները, ընդ որում տարբեր չափի են, մի տեղ 100 000 դոլար է, մի տեղ 10 միլիոն դոլար է, մի տեղ 10 միլիոն դոլարը 15 տեղ կիսած է»:

Փաշինյանը նշեց, որ սա ասում է հիմնավորելու համար, որ գողացվածը հետ բերելու համար իրենց անհրաժեշտ էր ձևավորել համակարգ և զուգահեռ տեղորոշել, թե որտեղ է գտնվում այդ գողացածը. «Եվ եթե կոնկրետ տեղ գիտենք, գնանք էդ կոնկրետ տեղի հետևից վերցնենք, բերենք, եթե չգիտենք կոնկրետ տեղը, ստեղծենք համակարգ, որ էդ համակարգը կգնա, ինքը կգտնի, կտեղորոշի և հետ կբերի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ 2-ը արված են:

Լրագրողի հարցին, թե որքան է վերադարձվել, նա պատասխանեց. «Առաջինը. ապօրինի գույքի բռնագանձման և պետական շահերով և համայնքային շահերով դատական գործընթացներով ես «Հատիկ առ հատիկ» խորագրի ներքո ներկայացնում եմ արդեն իսկ դատավճիռներով հիմնավորված և պետության ի սեփականություն վերադարձրած գույքերը։ Ընդ որում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ես ներկայացնում եմ էն գույքերը, որոնք արդեն օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ ամրագրվել են պետությանը կամ համայնքին։ Տասնյակ, ես թիվը չգիտեմ, կարող է նույնիսկ 100–ավոր գործեր կան, որ ընդհուպ դատարանը որոշում է կայացրել և այլն, բայց աստիճաններ կան, դրանք կմտնեն ուժի մեջ և կվերադարձվեն»։

Փաշինյանի խոսքով սա համակարգային լուծման ձևն է, և հայտնեց, որ կա տեղ, որ իրենք էլ գիտեն, և դա, նրա պնդմամբ, Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատն է:

«Մենք 2021 թվականին և այս պահի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասը արժի մի քանի տասնյակ միլիարդ դրամ, սա փաստ է: Ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրի, ասացի, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին իրար հետ վերցրած. դրանից 7 մլրդ ավելի հարկ է վճարել: Խոսքը 124 մլրդ դրամի մասին է»,- նշեց վարչապետը:

«Այս տարի ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է 94 մլրդ հարկի ձևով, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն շահաբաժին է ստացել որպես սեփականատեր 33 մլրդ դրամի: Տեղի ունեցավ շատ ավելի կարևոր մի բան, ստեղծվեց օրենսդրական իրավական լեգիտիմ համակարգ, որը դեռ աշխատելու է այնքան, մինչև բոլոր այդ հարցերը փակվեն: Այդ համակարգը գործելու է միշտ: Ցանկացած մեկը ցանկացած պահի, եթե ժողովրդից գողանա, պետք է իմանա, որ առնվազն գալու է այդ օրը, որ իրենից հետ են վերցնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել