Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները:
Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:
comment.count (0)