factor.am: Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում չի քննարկի օկուպացված տարածքների փոխանակման հարցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։
Պեսկովն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը, որն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Կուրսկի շրջանի մի մասը փոխանակել Ռուսաստանին բռնակցված ուկրաինական տարածքների հետ։
«Դա անհնար է։ Ռուսաստանը երբեք չի քննարկել ու չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը։ Իհարկե, ուկրաինական ստորաբաժանումները կհեռացվեն այդ տարածքից։ Բոլոր նրանք, որոնք չեն ոչնչացվի, կարտաքսվեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ուկրաինայի նախագահը The Guardian-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների դեպքում Կիևը «մի տարածքը կփոխանակի մյուսի հետ»։
Հարցին, թե Ուկրաինայի օկուպացված տարածքի ո՞ր մասը կխնդրի Կուրսկի շրջանի դիմաց, Զելենսկին պատասխանել էր․ «Չգիտեմ, կտեսնենք։ Բայց մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»։
comment.count (0)