97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Երևանի քաղաքապետարանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Երևանի քաղաքապետարանը հայտնում է հանրային տրանսպորտի վարորդների նկատմամբ ուղևորների կողմից բռնություն կիրառելու միջադեպի մասին։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի գործընկերներ, այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․
97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,- գրել է Կոստանյանը։
comment.count (0)