ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
13:06 - 15 փետրվարի, 2025

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են գտնվել նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն, ինչպես նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ու այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթություններն, առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված ՀՀ  կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը, անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականցվող տարբեր ծրագրերին՝ մասնավորապես «Ինժեներական քաղաք» նախաձեռնությանն, ինչն ըստ նախարարի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, և հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:

Ռոլանդ Փրայսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը, մասնավորապես տարածաշրջանում իրականացվող նախագծերն ու նախանշվող ծրագրերն, այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորություններին:

Քննարկման առանցքում են եղել նաև օրակարգային մի շարք հարցեր՝ դրանց թվում կիբեռանվտանգության, թվային նույնականացման, ամպային քաղաքականության և լայնաշերտ ինտերնետային կապի զարգացման ուղղություններով:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել