armenpress.am: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը էապես կրճատել է սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխել հնարավոր էսկալացիայի ռիսկը:
Այս մասին ընդգծեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:
Սիմոնյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին:
«Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա դրա վառ ապացույցը համարեց վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձությունները. մեկնարկել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվել է Խաղաղության եվրոպական գործիք ծրագրում, ԵՄ-ն երկարաձգել է Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս 2 տարով:
Խոսելով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց.
«Դա ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը»:
Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի ԱԺ-ն փետրվարի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալու ձգտող ՀՀ քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է:
comment.count (0)