news.am: Անցած տարի մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունեցանք. ես կուզենամ նշել նախ և առաջ ամենակարևորը՝ Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Սա մի որոշում էր, որին մենք շատ-շատ երկար էինք սպասել և շատ երկար տարիներ տքնաջան աշխատել էինք ոչ միայն Եվրամիության ինստիտուտների, այլև Եվրամիության անդամ երկրների հետ առանձին-առանձին: Այս որոշումը հեշտ չի տրվել, հատկապես հաշվի առնելով, թե հիմա ԵՄ-ում ինչ քննարկումներ կան միգրացիայի վերաբերյալ, դրանց ռիսկերի վերաբերյալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անխտիր բոլոր անդամ 27 պետություններին՝ այս երկխոսությունը հնարավոր դարձնելու համար։ Սրան հետևելու են արդեն մեր կողմից քայլերը, արդեն ավելի շատ տեխնիկական մակարդակում, քաղաքական կամքը այսպես թե այնպես կա և ես լիահույս եմ որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումը արդեն կդառնա իրողություն: Համենայնդեպս Հայաստանի Հանրապետությունը իր կողմից անելու է ամեն հնարավորը դա անելու համար»,- հայտարարեց Եղոյանը:
comment.count (0)