«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ
 |azatutyun.am|
17:12 - 27 մայիսի, 2025

«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են:

«Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեցին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

Համեմատությունը Սիմոնյանը տեղին է համարում։ Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է՝ ոչ: Արցախ չի՞ եղել. տասնամյակներով միջազգային գերտերությունների հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարց է քննարկվել:

«Ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել, այո, չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի: Բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է», - հայտարարեց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են, կամ այլ ձևի են, իրենք էլ էդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այս քայլերը, այս հայտարարությունները իր հայելային արձագանքն է, էդքան բան: Ես ասում եմ՝ ինչու է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ, որն է սխալ»:

Դիտարկմանը՝ «մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունները կային, այսինքն՝ երկու տարի առաջ է դա արել», Սիմոնյանն արձագանքեց. - «Ոչ, ոչ, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ»:

Ղարաբաղի հայերը մի օր, երբ անվտանգ կլինի, պետք է վերադառնան ու ապրեն իրենց տներում, կարծում է խորհրդարանի խոսնակը: «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին կոչ է անում մոռանալ, չի տեսնում հնարավորություն, որ ադրբեջանցիները գան ու ապրեն Հայաստանում. - «Ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պահի դրությամբ անհնար է»:

Բայց այլ կանխատեսում է Սիմոնյանն անում՝ խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել. ինքն, օրինակ, Ադրբեջանից գազ կառներ:

«Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որը որ ժամանակին իրենք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ: Այսինքն, մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալիս և իրար չենք նայում, հինգ րոպե հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել», - վստահ է Ազգային ժողովի նախագահը:

«Առևտուր են անելու: Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը, կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել: Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, տենց պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք», - շարունակեց Սիմոնյանը:

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ազդակներ Ադրբեջանից կա՞ն. Ալեն Սիմոնյանն ասաց՝ խոսակցությունը շարունակվում է, իսկ հայ - ադրբեջանական սահմանին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարած հնարավոր էսկալացիայի մասին տեղեկության, պնդեց, չի տիրապետում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել