Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ
 |news.am|
21:46 - 27 փետրվարի, 2025

Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ |news.am|

news.am: Ռուբեն Վարդանյանի նկարները ակնհայտորեն ցուցադրում են մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ եւ այստեղ միջանզգային  ստանդարտները շատ հստակ են, երբ անձը առողջ, առանց վնասվածքների հայտնվում է պետական ներկայացուցիչների ձեռքերում, ապա պետությունն է կրում այդ վնասվածքների պատասխանատվությունը եւ պետք է բացատրություն տա այդ վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Փակ հաստատությունում գտնվող անձանց պարագայում գործում է խոշտանգված լինելու կանխավարկածը, քանի դեռ ողջամիտ կասկածից վեր ապացուցողական շեմի շրջանակում պետությունը չի հերքում իր կողմից անձին խոշտանգումների ենթարկելու հանգամանքը: Այստեղ ակնհայտ է, որ կան բռնության հետքեր, նշեմ, որ դատական գործընթացում գործում է մեկ այլ երաշխիք՝ առեւերեւույթ խոշտանգման հատկանիշներ ցուցադրող անձի դատարան ներկայանալու պարագայում դատարանը պարտավոր է այդ հանգամանքների քննության  պահանջ ներկայացնել վարույթ իրականացնող մարմիններին, եւ ազգային օրենսդրությամբ ինքնուրույն պետք է վարույթ նախաձեռնվի վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ:

Սահակյանը նշում է, որ դատական նիստը կայացել է եւ չկա որեւէ տեղեկատվություն, որ ադրբեջանական  իրավապահ մարմինները փորձում են հետաքննել վնասվածքների առաջացման պատճառները:

«Այստեղ ակներեւ է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաեւ հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- հավելեց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս պահին իրավապաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես գալու, որը հասցեագրվելու է նաեւ միջազգային կառույցներին, աշխատանք է տարվում նաեւ միջազգային լրագրողների հետ. «Սակայն կարծում եմ, որ այս փաստերը պետք է ներկայացվեն միջազգային դատական եւ կվազիդատական ատյաններին, որտեղ քննարկվում են հայ ռազմագերիներին առնչվող խնդիրներ, այստեղ որոշակի դերակատարություն պետք է ունենա նաեւ Հայաստանի Հանրապետությունը»:

Իրավապաշտպանը նշում է, որ իրավապաշտպանները ակնկալում են, որ պետական ներկայացուցիչները հրապարակային արձագանքով են հանդես գալու:

Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը, իսկ դատի ժամանակ արված լուսանկարներում նրա դեմքին երևում էին խոշտանգումների, կապտուկների հետքերը։

Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել, նրա պաշտպանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել Վարդանյանի առողջական վիճակի մասին, նշելով, որ նրա կյանքը վտանգի տակ է։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել