Սիրանուշ Սահակյան

Միջազգային իրավունքի մասնագետ։ 

Բաքուն փակում է ԿԽՄԿ-ի գրասենյակը. ինչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը գերիների հետ կապը պահպանելու համար |armenpress.am|

Բաքուն փակում է ԿԽՄԿ-ի գրասենյակը. ինչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը գերիների հետ կապը պահպանելու համար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը այն հիմնական կառույցն էր, որի միջոցով հնարավոր էր լինում կապ պահել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ և տեղեկություններ իմանալ նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ապահովվելու կապը հայ գերիների հետ և ի՞նչ եղանակով են տեղեկություններ ստացվելու նրանց վիճակի մասին։   «Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ, մեկնաբանություններ է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։   Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության փակման պարագայում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ կոմունիկացիայի այդ խողովակն ամբողջովին դադարելու է, այն մեծացնելու է հոգեբանական տառապանքները և ստեղծելու է մեծ անորոշություն։ «Սա նշանակում է, որ Բաքվում պահվող հայերի ճակատագիրը մնում է բացառապես ադրբեջանական իշխանությունների քմահաճույքների տիրույթում, ինչը կարող է հավելյալ քաղաքական լծակ դառնալ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»,- նշել է Սահակյանը։  Սահակյանը նկատեց, որ այս պահին միակ կառույցը, որը հնարավորություն ունի անմիջականորեն տեսակցել ռազմագերիներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը, չունենալով խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, բոլոր դեպքերում մարդասիրական առաքելություն է իրականացնում, իսկ տեսակցությունները դրական ազդեցություն են թողնում այնտեղ պահվող հայ գերիների վրա։  Ըստ նրա՝ տրամաբանական է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ժողովրդավարացման անկման տենդենցներին զուգահեռ հատուկ միջոցներ են ձեռնարկվում այդ վիճակն արձանագրող կառույցների գործունեությունը սահմանափակելու մասով, այսինքն, եթե կա վիճակի վատթարացում, պետք է կանխել այդ վիճակի վատթարացումն արձանագրող կառույցների ներկայությունը և նաև այդ վիճակի արձանագրումն ու փաստագրումը։   «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում ակնհայտ է դառնում ադրբեջանական կողմի թիրախավորված գործելակերպը, քանի որ գրասենյակի հիմնական գործունեությունը կապված է հակամարտության մարդասիրական հետևանքները մեղմելու հետ, և այստեղ հիմնական շահառուն հայերն են` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իսկ Կարմիր խաչն, ըստ էության, ներպետական մարդու իրավունքների հարցերով ներգրավվածություն չունի»,-ընդգծել է միջազգային իրավունքի մասնագետը։   Խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր կարող է անել հայկական կողմը Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրավիճակը մեղմող միջոցառում կարող է լինել խոշտանգումների հարցերով զբաղվող այլ կառույցների ներգրավվածությունը մեծացնելը, օրինակ` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, որը գործում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում կամ խոշտանգման հարցերով ՄԱԿ-ի հատուկ մանդատագիրը։ Նրա խոսքով՝ վերջիններս որոշակի պատասխանատվություն պետք է ստանձնեն, և չափազանց կարևոր է նաև այլընտրանքային պայմանավորվածություններ ձեռք բերելը դիվանագիտական, հյուպատոսական հասանելիություն ապահովելու նպատակով։   Սահակյանը շեշտեց՝ Վիեննայի կոնվենցիան նախատեսում է, որ այլ երկրներում պահվող օտարերկրյա քաղաքացիները դիվանագիտական հյուպատոսական այցելությունների իրավունք ունեն։ «Սա բացարձակ իրավունք է և կարևոր է արդար դատաքննության համար։ Պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ՝ այդ հյուպատոսական այցելությունը չեն կարող իրականացնել մեր հյուպատոսական աշխատակիցները, բայց հնարավորություն կա պատվիրակել իրավունքի իրականացումը 3-րդ չեզոք երկրների, և սա էր պատճառը, որ նաև հասարակական կազմակերպությունները համախմբվեցին ու հատուկ կոչ ներկայացրին նաև Շվեյցարիայի իշխանություններին` իրենց միջոցով ապահովելու հյուպատոսական տեսակցության իրավունքի ապահովումը»,-նշել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ սա որոշակի հակակշիռ կարող է լինել, բայց այն իրագործելու համար դիվանագիտական ջանքերը պետք է մեծանան, որպեսզի այս պայմանավորվածությունը ձեռք բերվի և  իրացվի։ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում հայկական կողմից դիվանագիտական ջանքերն ավելացնելու և դիվանագիտական այլ խողովակներ օգտագործելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հիշեցրել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 5-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունը, որում նախարարը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Ադրբեջանում կամայականորեն պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի շուրջ, մատնանշել էր վերջին օրերին այդ ուղղությամբ ԱԳ նախարարության իրականացրած ակտիվ աշխատանքները։  «Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ: Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց»,-իր խոսքում նշել էր ՀՀ ԱԳ նախարարը։ Միջազգային իրավական հարցերով  ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նշել են՝ թեև  Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների հետ կապը, ինչպես նաև նրանց մասին մշտական տեղեկություններն ապահովում է ԿԽՄԿ-ն, այդուհանդերձ, դա կապի միակ միջոցը չէ։   «Անազատության մեջ պահվող անձանց մասին որոշակի տեղեկություններ ստացվում են նաև Եվրոպական դատարանի միջոցով։ Քանի որ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն միջազգային իրավական գործընթացներ, քանի որ կա որոշակի պահանջ, և նախկինում դատարանի կողմից եղել են որոշումներ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դրանց շրջանակներում պատասխանող կողմը (խմբ․ Ադրբեջանը) պարտավորություն ունի որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն տրամադրել այդ անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ»,-նշել են գրասենյակից՝ ընդգծելով, որ, բնականաբար, սա չի կարող նույնականացվել ԿԽՄԿ-ի գործունեության և նրանց կողմից ստացվող պարբերական տեղեկությունների հետ։ Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մասին։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է փակել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
16:02 - 06 մարտի, 2025
Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ
 |news.am|

Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ |news.am|

news.am: Ռուբեն Վարդանյանի նկարները ակնհայտորեն ցուցադրում են մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ եւ այստեղ միջանզգային  ստանդարտները շատ հստակ են, երբ անձը առողջ, առանց վնասվածքների հայտնվում է պետական ներկայացուցիչների ձեռքերում, ապա պետությունն է կրում այդ վնասվածքների պատասխանատվությունը եւ պետք է բացատրություն տա այդ վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Փակ հաստատությունում գտնվող անձանց պարագայում գործում է խոշտանգված լինելու կանխավարկածը, քանի դեռ ողջամիտ կասկածից վեր ապացուցողական շեմի շրջանակում պետությունը չի հերքում իր կողմից անձին խոշտանգումների ենթարկելու հանգամանքը: Այստեղ ակնհայտ է, որ կան բռնության հետքեր, նշեմ, որ դատական գործընթացում գործում է մեկ այլ երաշխիք՝ առեւերեւույթ խոշտանգման հատկանիշներ ցուցադրող անձի դատարան ներկայանալու պարագայում դատարանը պարտավոր է այդ հանգամանքների քննության  պահանջ ներկայացնել վարույթ իրականացնող մարմիններին, եւ ազգային օրենսդրությամբ ինքնուրույն պետք է վարույթ նախաձեռնվի վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ: Սահակյանը նշում է, որ դատական նիստը կայացել է եւ չկա որեւէ տեղեկատվություն, որ ադրբեջանական  իրավապահ մարմինները փորձում են հետաքննել վնասվածքների առաջացման պատճառները: «Այստեղ ակներեւ է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաեւ հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- հավելեց նա: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս պահին իրավապաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես գալու, որը հասցեագրվելու է նաեւ միջազգային կառույցներին, աշխատանք է տարվում նաեւ միջազգային լրագրողների հետ. «Սակայն կարծում եմ, որ այս փաստերը պետք է ներկայացվեն միջազգային դատական եւ կվազիդատական ատյաններին, որտեղ քննարկվում են հայ ռազմագերիներին առնչվող խնդիրներ, այստեղ որոշակի դերակատարություն պետք է ունենա նաեւ Հայաստանի Հանրապետությունը»: Իրավապաշտպանը նշում է, որ իրավապաշտպանները ակնկալում են, որ պետական ներկայացուցիչները հրապարակային արձագանքով են հանդես գալու: Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը, իսկ դատի ժամանակ արված լուսանկարներում նրա դեմքին երևում էին խոշտանգումների, կապտուկների հետքերը։ Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել, նրա պաշտպանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել Վարդանյանի առողջական վիճակի մասին, նշելով, որ նրա կյանքը վտանգի տակ է։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:46 - 27 փետրվարի, 2025
Ռուբեն Վարդանյանի հետ կատարվողը ցուցադրական վրեժխնդրության գործելակերպ է. Սիրանուշ Սահակյան
 |hetq.am|

Ռուբեն Վարդանյանի հետ կատարվողը ցուցադրական վրեժխնդրության գործելակերպ է. Սիրանուշ Սահակյան |hetq.am|

hetq.am: Փետրվարի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր տարածեցին Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությունից։ Կադրերում երևում էր, որ Վարդանյանի դեմքին առկա են կապտուկներ և վնասվածքներ։  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ կատարվողը ցուցադրական վրեժխնդրության գործելակերպ է։ «Միջազգային մարդասիրական իրավունքում գործում է մի սկզբունք՝ եթե անձը առանց վնասվածքների եւ լավ առողջական վիճակով մուտք է գործել փակ հաստատություն, սակայն նրա վրա հետագայում հայտնաբերվում են վնասվածքների հետքեր, ապա դրանք պատճառելու պատասխանատվությունը կրում է պետությունը, եթե չապացուցի, որ դրանք արդյունք են եղել բնական զարգացումների եւ խոշտանգումների միտում չեն ունեցել։ Այս պարագայում նույն ադրբեջանական դատարանը որեւէ կերպ չի պարզաբանում, թե որտեղից են առաջ եկել այդ վնասվածքները։ Սա նշանակում է, որ տեսանելի խոշտանգումների հատկանիշներ ունեցող անձի առնչությամբ ոչ թե ընթանում է խոշտանգման բացահայտման քննություն, այլ հավելյալ ենթարկվում է ցուցադրական խոշտանգումների իր հայ լինելու, Արցախի հակամարտության առնչությամբ տեսակետներ արտահայտելու եւ Արցախի բնակչությանը միջազգային հանցագործություններից պաշտպանելու համար։ Այստեղ մենք ցուցադրական վրեժխնդրության գործելակերպ ենք տեսնում, ինչը հակասում է նաեւ մարդասիրության սկզբունքին»,- ասում է իրավապաշտպանը։ 2025-ի հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում մեկնարկեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և ևս 8 քաղաքացիական անձանց՝ Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի գործերը քննվում են մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Սիրանուշ Սահակյանի խոսքով, այս դատավարությամբ ամբողջովին խախտվում են արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Միաժամանակ, թե Ռուբեն Վարդանյանը եւ թե  Բաքվում պահվող մյուս հայերը շարունակաբար ենթարկվում են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի փակ հաստատություններում։ Այդ գործելակերպը իր շարունակությունն է ստանում դատական գործընթացում, որին ներկա են նաեւ պետական լրատվամիջոցներ և հանրության ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել։ Հարազատաների հետ հեռախոսազրույցում նա տեղի ունեցողը քաղաքական շոու էր որակել, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իրավունքը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որ «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:  Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները»,- ասել էր Վարդանյանը: Արցախի նախկին պետնախարարը այս «դատաքննությունը» բոլոր հայերին դատապարտելու փորձ էր անվանել։ «Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,- հավելել էր նա: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բոլոր միջոցներով պաշտպանի օտարերկրյա պետություններում քաղաքական եւ այլ հատկանիշներով հալածանքների ենթարկվող հայերին։ Եվ հատկապես այս դեպքում Հայաստանի պատասխանատվությունը մեծ է, քանի որ հալածանքի հատկանիշներից մեկը ազգությունը եւ էթնիկ պատկանելությունն է։  «Հայաստանը չպետք է բավարարվի միայն այս անձանց անունից կամ նրանց ներգրավվածությամբ դատական գործընթացներ նախաձեռնելուց։ Հայաստանը պետք է ապահովի նաեւ միջազգային ներգրավվածություն այս խախտումների շարունակականությունը կանխելու նպատակով։ Ճիշտ է, հայ-ադրբեջանական հարաբերությունների որակն այնպիսին է, որ հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվում այնտեղ հայտնված հայերին, սակայն դրան փոխարինող գործիքակազմեր կան։ Այս հյուպատոսական այցելության իրավունքը հենց միտված է բացառելու իրավունքների խախտումները այլազգիների նկատմամբ, կանխելու խոշտանգումները եւ դրանք հայտնաբերելու պարագայում նաեւ դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով հասնել այդ իրավիճակի շտկմանը։ Հայաստանը այս պայմաններում որեւէ միջոց չի ձեռնարկել իրավունքի իրացումը այլ հյուպատոսական ծառայություններին պատվիրակելու նպատակով, եւ ստացվում է, որ անգամ իր քաղաքացիների իրական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունի, իսկ առանց տեղեկությունների նաեւ զրկված է պատշաճ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանք իրականացնելու հնարավորությունից։ Այս բացը լրացնելու մասով մենք հետեւողական աշխատանք չենք տեսնում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սահակյանը։ Սահակյանի խոսքով, այստեղ կարող է դերակատարում ունենալ նաև հասարակությունը։ Պետք է ակտիվ աշխատանք տարվի տարբեր պետությունների հասարակական կազմակերպությունների հետ և հանրային ճնշման տարբեր միջոցներով փորձ արվի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա։  «Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ մարդասիրական նախաձեռնությունների համահեղինակ և համահիմնադիր է եւ իր նկատելի ներդրումը ունի գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Ուստի, նման կենսագրություն ունեցող մարդկանց չենք կարող թողնել այս իրավազուրկ կարգավիճակում։ Հանրային ճնշումը խիստ կարեւոր է, որ միջազգային կառույցների պատասխանատվությունը մեծ լինի, եւ նրանք հասկանան, որ հայ հասարակությունը պահանջատեր է իրենց իրավունքների իրացման հարցում»,- հավելեց Սահակյանը։  
17:46 - 27 փետրվարի, 2025
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան. Սիրանուշ Սահակյան |news.am|

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան. Սիրանուշ Սահակյան |news.am|

news.am: Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»: Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից:  Թեմայի շուրջ NEWS.am-ը մեկնաբանություն խնդրեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան  Սիրանուշ Սահակյանից: Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը» և ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից, դատարանն էլ կարծես բավարարել է դա:  Որևէ նոր  տեղեկություն ունե՞ք այդ մասին: Նախ հստակեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակված՝ պետական պաշտպանի ծառայություններից, որին  դատախազը ներկայացրել էր առաջին նիստում` պատճառաբանելով թե իբր  ելնելով գործի բարդությունից, Վարդանյանին անհրաժեշտ է ևս մեկ պաշտպան։  Վարդանյանը հայտարարել էր, որ այդ փաստաբանն իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել,  երբևէ չի այցելել մեկուսարան և ինքը նրան չի վստահում: Այդ ժամանակ մեղադրող կողմն առարկել էր՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Սակայն, իմ տեղեկություններով, երեկվա նիստում պետական պաշտպանից հրաժարվելու՝ Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է: Վարդանյանի շահերն այնտեղ պաշտպանելու է Ադրբեջանում  լիցենզավորված նրա մասնավոր փաստաբանը՝ Աբրահամ Բերմանը:  Իսկ միջազգային փաստաբանի՝  Ջարեդ Գենսերի հետ տեսակցելու և նրա իրավաբանական օգնությունն ստանալու հնարավորությունից  նա զրկված է, քանի որ Ադրբեջանի դատախազությունը մերժել էր  Գենսերի՝ Բաքու այցելելու  դիմումը: Երեկվա նիստում ընթերցվել է «մեղադրական եզրակացության»՝ հենց Ռուբեն Վարդանյանին վերաբերող  մասը: Ընդ որում՝ մեղադրանքները մեկը մյուսից անհավանական են ու զավեշտալի: Այո, իսկապես,  ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից, ուստի անհնար է դրանք մեկնաբանել կամ հակափաստարկներ բերել դրանց:
15:35 - 14 փետրվարի, 2025
Պարզվել է՝ թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել
 |news.am|

Պարզվել է՝ թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել |news.am|

news.am: Բաքվի զինվորական դատարանը երեկ՝ փետրվարի 6-ին, շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի գործը քննվում է առանձնացված և կշարունակվի փետրվարի 10-ին: Արցախի մյուս գործիչների գործի քննությունն այսօր է: Երեկվա նիստերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին նաև խոսք ասելու հնարավորություն են տվել: Ռուբեն Վարդանյանի մասով ևս ներկայացվել է նրա մեղադրական եզրակացության մի մասը: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հաղորդեց Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը: «Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը: Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը: Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,-նշեց Սիրանուշ Սահակյանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարություններին, ապա Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո. «Ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում»: Սահակյանը նկատեց, որ մեղադրական եզրակցության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է: Փորձում են ամեն կարպ ցույց տալ, որ այս ամենը եղել «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»:
11:22 - 07 փետրվարի, 2025
Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով. Սահակյան
 |news.am|

Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով. Սահակյան |news.am|

news.am: Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է ՄԻԵԴ-ում այ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կտտանքների են ենթարկվել նաեւ կանայք եւ տարեց մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել մարտական գործողությունների հետ։ Սահակյանն ավելացրել է, որ փաստաբանների ներգրավումն ունեցել է ձեւական բնույթ, եւ անգամ նրանց առկայությամբ հայերը ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ «44-օրյա պատերազմի սկզբից Ադրբեջանը գերել է մոտ 300 հայի։ Նրանցից 210-ը վերադարձել է, խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, որոնք կապ չեն ունեցել 44-օրյա պատերազմի հետ, քանի որ գերեվարվել են մինչեւ 2020թ.։ Այսօր ադրբեջանական անազատության մեջ են պահվում է 23 հայեր, հիմնականում գերիներ։ Հինգ հոգի գերեվարվել է 2020թ., մյուսները՝ 2023թ.։ Վերջինների թվում են նաեւ Արցախի նախկին ղեկավարները (8 մարդ), նրանք քաղբանտարկյալներ են։ Մյուսները թե՛ ռազմագերիներ են, թե՛ քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Սահակյանը։
14:44 - 14 նոյեմբերի, 2024
Սիրանուշ Սահակյանն իրատեսական է համարում, որ COP-29-ի ֆոնին Բաքուն գերիներ ազատ կարձակի |news.am|

Սիրանուշ Սահակյանն իրատեսական է համարում, որ COP-29-ի ֆոնին Բաքուն գերիներ ազատ կարձակի |news.am|

news.am: Ես իրատեսական համարում եմ, որ որոշակի թվով գերիներ Բաքուն ազատ կարձակի COP-29-ը միջոցառման մեկնարկի համատեքստում, բայց որեւէ կերպ դրական կանխատեսում չունեմ, որ այս միջոցառումը կտարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ «Այս միջոցառման համատեքստում բազմաթիվ նախաձեռնություններ եղան հասարակական սեկտորի կողմից, միջազգային գործընկերների ներգրավվածությամբ եւ նրանք պահանջում են բոլոր 23 հայ պատանդների անհապաղ վերադարձ, եւ սա դիտարկում են նաեւ նախապայման միջոցառման մասնակցության։ Կոչեր եղան նաեւ միջազգային կառավարական կազմակերպությունների քաղաքական մարմինների կողմից։ Դրանք վերաբերում են ոչ միայն հայ գերիներին, այլ նաեւ Ադրբեջանում տարիներ շարունակ չլուծվող խնդիրներին, որոնց մեջ առանձահատուկ է քաղբանտարկյալների խնդիրը, թվաքանակը մեծանում է շուրջ 300-ը գերազանցող անձինք այս պահին ունեն քաղբանտարկյալների կարգավիճակ Ադրբեջանում։ Հասկանալի է, որ վարկանիշային ռիսկերի ներքո է գտնվում Ադրբեջանը եւ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի իր հեղինակությունը միջազգայնորեն պահպանելու նպատակով։   Այս անձինք կարեւոր դերակատարում ունեն Ադրբեջանի ձեռքերում տարբեր արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։ Նրանց գործոնը դեռեւս շահարկվում է։ Քանի դեռ Ադրբեջանը նրանց ազատ արձակման առնչությամբ կարող է կորզել տարաբնույթ պահանջների բավարարում Հայաստանի իշխանություններից, միջազգային գործընկերներից, ազատ չի արձակի։ Իմ գնահատմամբ՝ այս միջոցառումը առավելապես վերաբերելու է 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մարտական գործողություններին մասնակցած անձանց, եւ ինչու ոչ միգուցե 2020 թվականին գերեվարվածներին»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։ Սիրանուշ Սահակյանի կանխատեսմամբ՝ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն, եւ, նրա խոսքով, անտրամաբանական կլինի չմասնակցությունն այն պայմաններում, որ միջազգային գործընկերները համատարած բոյկոտ չեն իրականացրել, եւ Հայաստանի իշխանությունները քաղաքականապես աջակցել են Ադրբեջանին, որ COP-29-ը միջոցառումը հյուրընկալվի հենց Ադրբեջանում․   «Մասնակցության պարագայում նաեւ սպասում ունենք, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է բարձրաձայնի չլուծված, խրթին խնդիրները, որոնք կան հայ-ադրբեջանական հարաբերություններում, եւ միջազգային հանրության ուշադրությունը զետեղի այդ խնդիրների վրա։ Այսինքն՝ մասնակցությունը պետք է լինի ոչ թե ֆիզիկական ներկայության կամ պասիվ լսողի դերում, այլ պրոակտիվ դերով»։ Հարցին՝ Հայաստանի իշխանությունները հակված է ո՞ր խմբի գերիների վերադարձին՝ Սահակյանն ասաց․ «Մարտական գործողություններին մասնակցած գերիների, որոնք քաղաքական գործունեություն չեն իրականացրել։ Այս առումով Հայաստանը չունի որեւէ դրդապատճառ հետեւողական չլինել նրանց վերադարձի հարցում։ Այլ բնույթի քննարկումներ կարող են ծավալվել Արցախի նախկին ղեկավարների մասով, քանի որ նրանք պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի համար, ունեցել են գործողությունների եւ Հայաստանի աջակցության առնչությամբ իրենց սպասումները, որոնք արդարացված չեն եղել։   Վերջին տարիներին նկատելի է եղել նաեւ տարաձայնությունները Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ, ուստի այստեղ քաղաքական կոմպոնենտ ունեցող խնդիրներ կան։ Գլոբալ առումով Հայաստանն ունի պոզիտիվ պարտավորություններ իր բոլոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, ովքեր Արցախի պետականության կայացման հարցում ունեցել են մասնակցություն, եւ պարտավոր է դիվանագիտական, քաղաքական եւ իրավական ջանքեր գործադրել այս խնդրի լուծումն ապահովելու նպատակով»։
16:41 - 07 նոյեմբերի, 2024
Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են եւ չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումները․ Սահակյան
 |news.am|

Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են եւ չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումները․ Սահակյան |news.am|

news.am: Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են եւ չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական սոցցանցերում վերջերս տարածվող Արցախի ռազմաքաղաքական պաշտոնյաների լուսանկարների՝ բեմադրված լինելուն։ Սահակյանն ընդգծեց, որ լուսանկարները չեն արտացոլում Բաքվի բանտերի իրական պայմանները․ «Այս լուսանկարները ցուցադրական են, արհեստականորեն ստեղծվում են պայմաններ լուսանկարահանումներն անելու համար։ Դրանք չեն արտացոլում իրական պայմանները, բացառապես ունեն քարոզչական նպատակ։ Լուսանկարները շատ տեղային եւ հատվածական են, չեն կարող հերքել խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը, օրինակ՝ չենք տեսնում լուսանկարներ եւ կայուն հիմունքներով դրանց հրապարակում գերեվարման վաղ ժամանակաշրջանում, այստեղ կարող ենք մի քանի ամսվա մեջ ունենալ մի քանի լուսանկար, եւ չկա բացատրություն՝ ո՞ր օրն է վերցվել եւ ինչի՞ համար»,- նշեց Սահակյանը։ Նա, հղում անելով, հայրենադարձված գերիների վկայություններին, նշեց․ «Հայրենադարձված գերիները վկայություններ են տվել, որ իրենց դուրս են բերել իրենց հիմնական պահման վայրերից, տարել են լավ կահավորված սենյակներ, անգամ ՄԻՊ-ի ներգրավմամբ լուսանկարներ են արել, իմիտացրել են զրույց, որից հետո իրենց վերադարձրել են հիմնական վայրեր, որտեղ պահման պայմաններն ու վերաբերմունքը ամենեւին չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին»։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ճանապարհով Ադրբեջանը կեղծում է ապացույցներ, որոնք արդեն երեւում են միջազգային դատական գործընթացներում․ «Մյուս կողմից հանրային հետաքրքրություն է առաջացնում սեփական ժողովրդի շրջանակում, ինչը շեղող նշանակություն ունի, օգտագործվում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, ինչը հատկապես կարեւոր է նախընտրական փուլում։ Մյուս կողմից Ադրբեջանը փորձում է արհեստական քննարկումներ ապահովել նաեւ հայաստանյան հասարակության շրջանակում։ Կարծում եմ՝ երեք նպատակներն էլ քաղաքական են, եւ զուտ տեղավորվում են քարոզչական գործունեության շրջանակում»։ Սահակյանն ասաց, որ Բաքվում պահվող հայ եւ՛ ռազմագերիների, եւ՛ քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 23-ն է․ «Այստեղ ներառված են տարբեր կարգավիճակներ եւ պաշտպանություն ունեցող անձինք, կան եւ՛քաղաքացիական գերիներ, եւ՛ ռազմագերների, եւ՛ քաղաքացիական բանտարկյալներ, ունենք անձինք, որոնք գերեվարվել են դեռեւս 2020 թվականին, եւ ճնշող մեծամասնությունը կապված է 2023 թվականի հարձակման եւ հետագա զարգացումներին եւ այստեղ ունենք պատերազմի հետեւանքով գերեվարվածներ եւ ունենք Ադրբեջանի կողմից ցուցակագրված բարձրաստիճան անձինք, ովքեր  քաղաքական դրդապատճառներով են հետաքրքրում Ադրբեջանին եւ քաղբանդարկյալ են, հալածվում են իրենց գործունեության, համոզմունքների եւ այլ օրենքով պաշտպանվող հատկանիշների համար»։ Նա նշեց, որ կան միջպետական գործընթացներ, որոնցում ներառված են 2023 թվականի դեպքերը, թե՛ բարձրաստիճան ղեկավարների, թե՛ գերեվարվածների խնդիրը հանձնառել է Հայաստանի Հանրապետությունը, խոսքը վերաբերում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ գանգատին․ «Զուգահեռաբար կան անհատական գործեր, որոշ անձանց իրավունքների պաշտպանությունը ես եւ իմ գործընկերներն ենք իրականացնում։ Դրանք գտնվում են քննության փուլում, դեռեւս վաղաժամ է դատական ակտերի կայացման մասին խոսելը, բայց անհապաղ միջոցների շրջանակում ժամանակավոր որոշումներ կայացվել են, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանք անվտանգությունն Ադրբեջանում»։ Սահակյանն ընդգծեց, որ գերեվարվածների խնդիրը, ցավոք, քաղաքականացված է․ «Թերեւս պետությունը կարեւոր դերակատար է քաղաքական գործընթացներում, եւ, ցավոք, գերեվարվածների խնդիրը քաղաքականացված է, Ադրբեջանը որպես լծակ բանակցություններում տարաբնույթ քաղաքական պահանջների բավարարում է ակնկալում։ Այս անձանց ազատ արձակումն էլ ուղիղ կապված է այս պահանջների բավարարման հետ, որոշակի զիջումներ կորզելուց հետո Ադրբեջանը որպես մարդասիրական ժեստ ազատ է արձակում այնտեղ գտնվող հայերին։ Կարծում եմ՝ ավելի մեծ պահանջներ են առաջադրվելու նախկին ղեկավարության ազատ արձակման դիմաց։ Շատ կարեւոր է նաեւ խաղաղության շուրջ բանակցությունները, որին աջակցում են տարբեր կենտրոններ, որոնք տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեն, վերջնարդյունքում մենք կտեսնենք թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Կարծում եմ՝ քաղաքական հարթակում տեղաշարժերի պարագայում միայն Ադրբեջանն ազատ կարձակի այդ անձանց։ Իրավական միջոցները հակակշռող նշանակություն ունեն, դրանք դանդաղ են եւ անմիջական էֆեկտ չեն կարող ունենալ, սակայն հակակշռում են, որովհետեւ Ադրբեջանի համար պարզ է, որ եթե քաղաքական ճանապարհով հարցը չլուծվի եւ ազատ չարձակվեն, միեւնույն է, հարցն ունենալու է իրավական հանգուցալուծումը, դրա համար մանեեւրելու սահմանները Ադրբեջանի սահմանափակ են եւ՛ բովանդակային, եւ՛ ժամանակագրական առումով»։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայերի՝ չհաստատված թվին՝ Սահակյանն ասաց, որ նրանց թիվը 80-ն է․ նրանց՝ այնտեղ գտնվելու մասին կան փաստեր, բայց դեռեւս անհայտ է՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ․ «Մենք փաստաթղթավորել ենք, որ հավելյալ 80 հայեր հայտնվել են գերեվարման մեջ, եւ գերեվարման ընթացքում կամ դրան հաջորդող ժամանակահատվածում ողջ են եղել։ Այդ 80 թիվը կապված է 2020 թվականի պատերազմի հետ, սակայն մենք որեւէ տեղեկատվություն չունենք՝ նրանք ո՞ղջ են, թե՞ մահացած։ Այդ է պատճառը, որ օգտագործվում է «բռնի անհետացած» եզրույթը, ինչը նշանակում է, որ նրանց ճակատագրի վերաբերյալ այս պահին կա անորոշություն, նրանք բռնի կերպով դուրս են բերվել իրավական պաշտպանությունից եւ պետք է քննություն տեղի ունենա, որպեսզի կարողանանք պարզել նրանց՝ ողջ, կամ մահացած լինելը։ Այսինքն՝ այդ 80-ը ընդամենը հաստատում է գերեվարված լինելու հանգամանքը, սակայն որեւէ կերպ պատասխան չի տալիս այն հարցին, թե նշված անձինք այս պահին ո՞ղջ են, եթե այո, ապա որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են պահվում»։ Հարցին՝ Ադրբեջանի վայրագությունների աստիճանը նվազո՞ւմ է, Սահակյանն ասաց․ «Մենք որեւէ կերպ նվազում չենք դիտարկել։ Այստեղ գուցե հռետորաբանական մակարդակում նրանք փորձում են ցուցադրել, որ հայերի եւ ադրբեջանցիների համագոյակցումը հնարավոր է, սակայն երբ լուծում ենք նրանց գործողությունները, ապա այստեղ ինտենսիվության նվազում չկա, դրա լավագույն օրինակներից է բռնի դեպորտացիան, դրանից առաջ նաեւ Արցախի շրջափակումը»։
09:49 - 24 հունվարի, 2024
Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|

Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ այս պահին Ադրբեջանում պահվող Ադրբեջանի կողմից հաստատված ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։ Aravot.am-ը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում հիշեցրել է՝ Արգիշտի Քյարամյանի ներկայացմամբ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների թիվը 23 է, մինչդեռ տարբեր առիթներով ինքը նշել է, որ գերեվարված մեր հայրենակիցների թիվն անցնում է 80-ը։ Հարցին՝ այստեղ հակասություն չկա՞, նա պատասխանել է․ «Առաջին թվի առումով հաստատված գերիների թվային հակասություն չկա։ Այստեղ նշված է՝ 23-ից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։ Մեր տեղեկություններով՝ 2023-ին գերեվարվել են 18-ը, որից երկուսը մինչև սեպտեմբերյան ագրեսիան։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռաշիդ Բեգլարյանին և Վագիֆ Խաչատրյանին, որոնք ևս ձերբակալվել, գերեվարվել են 2023-ին։ Մինչև 2023-ը ունենք 5 գերեվարվածներ, որոնք կապված են 2020-ի հետ։ Թերևս այս 17 թվի մասով կա հակասություն, որը կարող է զուտ մեթոդաբանական լինել, բայց ընդհանուր թվի հետ կապված որևէ հակասություն չկա»։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ հաստատված գերիների թվի հրապարակման հետ մեկտեղ ինքը մատնանշում է բռնի անհետացած գերիների վերաբերյալ տեղեկություններ, այսինքն՝ անձինք, որոնք թեև գերեվարվել են, սակայն նրանց գերեվարման փաստն առ այսօր հաստատված չէ․ «Մենք տեղեկություններ չունենք, թե այս չհաստատված գերիներն այս պահին ո՞ղջ են, թե՝ մահացած, և նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը։ Այս առնչությամբ է, որ մենք բարձրաձայնում ենք 80 թիվը։ Այս 80 անձանց առնչությամբ մենք ունենք տեղեկություններ, որ նրանք ողջ գերեվարվել են, և գերեվարումի ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց ողջ են եղել, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները բացակայել են, սակայն դրանից հետո ինչ ճակատագրի են արժանացել, անհայտ է»։
17:05 - 06 հունվարի, 2024
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի. Սիրանուշ Սահակյան
 |aravot.am|

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի. Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործերով դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի: Նա կարծում է, որ դրանք լինելու են ցուցադրական դատեր, ունենալու են նաեւ բաց հատվածներ, բայց քանի դեռ այլ գերեվարվածների դատերն ավարտված չեն, բարձրաստիճան անձանց գործերը կհետաձգվեն: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ Սիրանույշ Սահակյանն անդրադարձավ նաեւ գերեվարված հայ անձանց պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային մասնագետների ներգրավման հնարավորություններին, որոնք խիստ սահմանափակ են Ադրբեջանի օրենսդրության պայմաններում: Բացի այդ, առկա մնացյալ հնարավորություններն այդ երկրում կանխարգելում են: Ամեն դեպքում, նա տեղեկություններ ունի, որ գերեւարված որոշ բարձրաստիճան անձանց պարագայում, միջազգային մասնագետներ ներգրավվելու գործընթաց կա: Թե ո՞ր անձանց մասին է խոսքը, բանախոսը ձեռնպահ մնաց բացահայտել: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքն էր հայտարարել՝ նրա պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային փաստաբանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:
13:56 - 30 նոյեմբերի, 2023
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ. Սիրանուշ Սահակյան
 |aravot.am|

Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ. Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերեվարված անձինք դեռեւս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը: Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաեւ քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերեվարումներն էին, այդ թվում նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների: Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին, Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակեց «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» վերնագրով զեկույցը, որում նշվում է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն. «2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»: Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին եւ պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին: Նաեւ՝ Հայաստանը կարծես ընդունեց Ադրբեջանի խաղի կանոնները՝ ռազմագերիների վերադարձի հարցը կապելով քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ: Համենայնդեպս, հայ ռազմագերիների վերադարձի բոլոր դեպքերը կապված են ինչ-որ քաղաքական գործոնների հետ. օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձ, բնակչության ազատում որոշակի տարածքներից եւ այլն: Մարդու իրավունքների խնդիրների կապակցումը քաղաքական պատճառների հետ, Սիրանույշ Սահակյանի կարծիքով, հանգեցրեցին ներկայիս իրավիճակին, երբ մենք ունենք պատանդներ, որոնք պահվում են Ադրբեջանում, ինչ-ինչ քաղաքական խնդիրների լուծման համար: Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:Բաքվում հայկական կողմն ունի նաեւ 80 ռազմագերի եւ քաղաքացիական անձ կա, որոնց ճակատագրի ուղղությամբ որեւէ աշխատանք չի իրականացվում: 2022 թվականի գարնանից չեն արձանագրվել դեպքեր, որ Ադրբեջանը կնույնականացնի 44-օրյա պատերազմում գերեւարվածների:
12:05 - 30 նոյեմբերի, 2023
Ինչպե՞ս են Ադրբեջանում պաշտպանվելու Արցախի գործիչների իրավունքները․ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվում արդար դատաքննություն չի լինի

 |aravot.am|

Ինչպե՞ս են Ադրբեջանում պաշտպանվելու Արցախի գործիչների իրավունքները․ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվում արդար դատաքննություն չի լինի |aravot.am|

aravot.am: «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ հարցին, թե Ադրբեջանի կողմից առեւանգված Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանվելու Ադրբեջանում։ Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով, որոնց համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ նրա իրավունքները կպաշտպանի ադրբեջանցի փաստաբան։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ռազմագերիների գործերով Ադրբեջանում ներգրավված են եղել հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված փաստաբաններ, որոնք գործել են մասնագիտական էթիկային եւ փաստաբանական գործունեության սկզբունքներին հակառակ եւ չեն ապահովել իրական պաշտպանություն։ «Ադրբեջանի փաստաբանական համայնքը մեծ մարտահրավերներ ունի եւ նրանք դժվարություններ են ունենում քաղաքական օպոնենտների պաշտպանության հարցում։ Այն փաստաբանները, որոնք ընդդիմախոսների համար պատշաճ փաստաբանական գործունեություն են իրականացրել, հետագայում զրկվել են փաստաբանական գործունեության լիցենզիայից։ Այսինքն՝ պետությունը միջամտել եւ դադարեցրել է իրեն ոչ հաճո փաստաբանների գործունեությունը։ Մյուս կողմից, պետության կողմից տրամադրվող այս անվճար փաստաբանները կախման մեջ են գտնվում պետությունից։ Եվ կան միջազգային զեկույցներ, որոնք արձանագրում են, որ ապահովված չէ իրավական օգնության որակը եւ այս ինստիտուտն անկախության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ եթե նման արձանագրումները կատարվել են հենց ադրբեջանցի մեղադրյալների վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ այդ ռիսկերը բազմապատկվում են հայ մեղադրյալների գործերով։ Հետեւաբար, ես հույս չունեմ, որ այդ փաստաբանական գործունեությունը որեւէ կերպ կարող է ազդել դատական ակտերի վրա, ոչ միայն այն պատճառով, որ փաստաբանները կախյալ են եւ որակյալ ծառայություններ չեն մատուցի, այլ նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ Ադրբեջանական կողմը հայտարարեց նաեւ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է փաստաբան, որին ընտրել են ընտանիքի անդամները։ Անդրադառնալով այս հաղորդագրությանը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այստեղ կա առաջընթաց․ «Եթե նախկինում բոլոր ռազմագերիներին ներկայացնում էին պետության կողմից նշանակված փաստաբանները, այս պարագայում ընտանիքներին հնարավորություն է տրվել ընտրել փաստաբան։ Բայց եւս մեկ անգամ վերահաստատենք, որ այդ ընտրությունը կատարվում է Ադրբեջանում լիցենզավորված եւ գործող փաստաբաններից։ Այստեղ մենք կարող ենք հարաբերական կախյալության մասին խոսել, այսինքն՝ մասնավոր փաստաբանները հարաբերական ավելի անկախ են պետությունից, բայց ընդհանուր առումով մենք կարծում ենք, որ փաստաբանական համայնքը կայացվածության խնդիր ունի։ Եվ դա չի կարող չազդել ամբաստանյալների դատաքննության իրավունքի վրա»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:42 - 09 հոկտեմբերի, 2023
«Ադրբեջանի հետին նպատակը Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է»․ Սիրանուշ Սահակյան
 |aravot.am|

«Ադրբեջանի հետին նպատակը Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է»․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների առեւանգումները ցույց են տալիս, որ գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Եվ իրավական մեխանիզմներն օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Այս մասին «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ Ադրբեջանն առեւանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավի Մանուկյանին։ «Ադրբեջանը, քանի որ հասել է կայացած պետականության ոչնչացմանը եւ ինքնալուծարման ակտի ընդունմանը, մի քայլ ավել է դիտարկում եւ փորձում է պատժել այն անձանց, ովքեր նախ խորհրդանշական դերակատարում են ունեցել պետականության համար, օրինակ, Արցախի նախագահներն այդպիսի դեր ունեին եւ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումը եւ պայքարը՝ հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։ Երկրորդ, նրանք անձինք են, ովքեր առհասարակ իրականացրել են հայանպաստ գործունեություն եւ խելացի, ուժեղ հայի տեսակի շնորհիվ կարողացել են նպատակային գործունեություն իրականացնել, որը բնականաբար Ադրբեջանը պետք է դիտարկեր ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի։ Ուժեղ հայկական պետականությունը եւ մեր զարգացումը դա սպառնալիք է ընկալվում ադրբեջանական պետականությանը։Եվ երրորդ, այստեղ կան նաեւ ընտրված ռազմական գործիչներ, որոնց անվան շուրջ կան պատմություններ։ Եվ այստեղ դարձյալ խորհրդանշական հաղթանակն է Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ։ Կայացած զինվորական լինելու ուժով նրանք կարողացել են լուծել իրենց մարտական խնդիրները եւ նաեւ համառել են հետագա պայքարի գործընթացում։ Եվ այս հատկանիշով թիրախավորվել են։ Եթե ընդհանրացնեմ, մենք կարող ենք նշել, որ չճանաչված պետությունում հայանպաստ գործելակերպի համար Ադրբեջանը պատժիչ գործողություններ է իրականացնում այս պաշտոնյաների նկատմամբ։ Գործընթացները ցուցադրական են, նպատակը նաեւ հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամկետ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Արցախի գործիչներին մեղադրանք կարող էր առաջադրվել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով։ «Եվ այստեղ հետաքրքրական է, որ Ադրբեջանը նաեւ միջազգային հարթակներում ունի «հեղինակություն», որ քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։ Դա կարող են լինել հայեր, բայց նաեւ հաջողությամբ դրա թիրախ են ընտրվել Ադրբեջանի ընդդիմադիր տեսակետներ ունեցող քաղաքական գործիչները։ Ադրբեջանն ունի ձեւավորված պրակտիկա՝ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու եւ հասարակությանը մատուցելու։ Եվ միջազգային գործընկերներն էլ այս քրեական գործերի հիմքերը գնահատելիս անպայման հաշվի են առնելու ձեւավորված վատ ավանդույթները եւ իրավունքի գերակայության բացակայությունն այդ երկրում»,- հավելեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:22 - 09 հոկտեմբերի, 2023