Հակոբ Արշակյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր
20:12 - 07 մարտի, 2025

Հակոբ Արշակյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

 

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի և Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ հաստատվել են հարգանքի և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

 

«Մենք կարևորում ենք քաղաքական և տնտեսական առումներով աշխարհի առաջատար երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը` հավելելով, որ երկու պետություններում մշտական դեսպանությունները կարևոր դեր են խաղում կապերի ամրապնդման գործում:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են խորհրդարանականների հաճախակի փոխայցերը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժևորելով նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը` Հակոբ Արշակյանը նշել է, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

«Հայաստանը շահագրգռված է նաեւ կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, սոցիալական եւ գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացմամբ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը` կարծիք հայտնելով, որ այդ բնագավառներում գործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մարտահրավերներին` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է:

Հանդիպմանը ներկա ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին` ընդգծելով, որ ծրագրի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել  Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆաբիո Վազ Պիտալուգան կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել