Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում. ԱԺ նախագահի տեղակալը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
15:21 - 23 մայիսի, 2025

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում. ԱԺ նախագահի տեղակալը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով առանձնահատուկ նշանակություն է տրվում Հայաստանի անդամակցությանը «Միջազգային արեւային դաշինքին», որը Հնդկաստանի եւ Ֆրանսիայի համատեղ նախաձեռնություն է: Հակոբ Արշակյանի գնահատմամբ սա նույնպես նոր հնարավորություններ է բացում ոլորտում համագործակցության համար: Նա ընդգծել է, որ մեր երկիրը գնահատում է Հնդկաստանի աջակցությունը Հայաստանի՝ 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու հայտին: Նշվել է, որ միջազգային համագործակցության տեսանկյունից Հայաստանը կարեւորում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալը, ինչպես նաեւ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի» եւ Չաբահար նավահանգստի նախագծի շրջանակներում համատեղ ծրագրերով:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: Չլուծված հումանիտար խնդիրների առումով կարեւորվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց ազատ արձակումը: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, աջակցություն հայտնել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին: Նիլակշի Սահա Սինհայը ներկայացրել է Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին ստեղծված լարվածությունը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցում: Նրա համոզմամբ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են հանգեցնել տեւական կայունության ու տարածաշրջանային զարգացման:

Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ոլորտներում համագործակցության հնարավորություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել