armenpress.am: Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։ Մինչ այս Տեղական ընտրական հանձնաժողովը՝ ՏԸՀ-ն, իրականացնում է փաստաթղթերի ճշգրտման աշխատանքներ։
Այս ընթացքում ՏԸՀ-ն կստուգի ինչպես պահանջվող փաստաթղթերի, այնպես էլ ցուցակների համապատասխանությունը՝ ինչպես գենդերային, այնպես էլ կուսակցական մասով։ Կճշտվի նաև ցուցակում ընդգրկված այն մարդկանց առկայությունը, ովքեր իրավունք չունեն թեկնածու լինելու։ «Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ավագանու ցուցակում ընդգրկվելու իրավունք չունեն ուժային կառույցների՝ քննչական, ոստիկանական, պարեկային ծառայության, դատախազության, ԱԻՆ և այլ ներկայացուցիչները»,- այս մասին ասել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մարտի 15-28-ն է՝ մինչև 24։00-ն։ Թեպետ նախընտրական քարոզարշավի մեկնարկին դեռևս կա 9 օր, սակայն քաղաքական որոշ ուժեր արդեն հասցրել են քաղաքի տարբեր թաղամասերում փակցնել գովազդային վահանակներ, հանդիպումներ ունենալ քաղաքի բնակիչների հետ։
«Քարոզչությունն ու նախընտրական քարոզչությունը տարբեր բաներ են։ ՏԸՀ-ն և ԿԸՀ-ն վերահսկում են գործընթացը հաստատված քարոզարշավի շրջանակում՝ մարտի 15-ից։ Եթե ինչ-որ տեղ խախտում լինում է, այդտեղ արդեն մեր ամբողջ լիազորություններով ու համապատասխան կառույցներով դրա դեմ կպայքարենք, բայց հիմա քանի դեռ նախընտրական քարոզչությունը չի սկսվել, մենք չունենք լիազորություն դա կանխելու։ Օրենքի տեսակետից սա քարոզ չէ»,-նշեց Տիգրան Ղազարյանը։
comment.count (0)