Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակությունը
17:34 - 10 մարտի, 2025

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակությունը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունը: 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: 

Այցի շրջանակում COMEX պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Դանիել Դանիելյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի դասագրքերի առկայության, լեզուների դասավանդման, այդ լեզուներով դիդակտիկ նյութերի, ցուցանակների առկայության հարցերը։ Անդրադարձ է եղել մանկավարժական կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների պահպանման և զարգացման ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:

ԿԳՄՍՆ նախարարի տեղակալները վերահաստատել են նախարարության հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ազգային փոքրամասնությունները պետության ուշադրության կենտրոնում են։ Նշվել է, որ կշարունակվի գործուն քայլերի ձեռնարկումը՝  ՀՀ-ում բնակվող փոքրամասնությունների լեզվի, ազգային ավանդույթների, մշակույթի պահպանման և զարգացման ուղղությամբ:

ԵԽ պատվիրակության կազմում էին Տարածաշրջանային  կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամներ Բելգրադի համալսարանի Լեզվաբանության և սլավոնագիտության պրոֆեսոր Լյուդմիլա Պոպովիչը (Սերբիա), Ավստրիայի Գրացի համալսարանի Իրավունքի և կառավարման գծով պրոֆեսոր Յուրգեն Պիրկերը (Ավստրիա) և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը (Հայաստան): Պատվիրակությանն ուղեկցել է ԵԽ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի քարտուղարության ներկայացուցիչ Կինգա Ջենսեն-Մագյարը:

Պատվիրակության անդամները նաև փաստահավաք այցելություններ են կատարել Արզնի, Ալագյազ, Լերմոնտովո, Յաղդան, Ֆերիկ բնակավայրերի հանրակրթական դպրոցներ, որոնցում դասավանդվում են ազգային փոքրամասնությունների լեզուները։ Պատվիրակության անդամները հանդիպել են դպրոցների ուսուցչական և ղեկավար կազմի, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության, արդարադատության նախարարություններում, Հանրային հեռարձակողի խորհրդում, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի ստորաբաժանման ներկայացուցիչների, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ընդգրկված ՀԿ-ների հետ: Հայաստան այցի ընթացքում COMEX պատվիրակությունը քննարկումներ է ունեցել նաև Ազգային ժողովի՝ ասորի և եզդի ազգային փոքրամասնություններին ներկայացնող  պատգամավորների հետ:

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի այցին հետևելու է վերոնշյալ հարցերի վերաբերյալ զեկույցի հրապարակումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել