Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Նիդերլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման և մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում:
Կասպար Վելդկամպը նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, նա հավելել է, որ Նիդերլանդները շարունակելու է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
comment.count (0)