Սպառողի իրավունքները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
15:57 - 14 մարտի, 2025

Սպառողի իրավունքները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Հայաստանի կառավարության, վերջինիս միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության և պետական մարմինների ուշադրության կենտրոնում են:

Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ իր գոհունակությունն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը 2025 թվականին դիմավորվում է շատ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններով։ 

«Այդ հարցերի պատասխաններն առավել կոնկրետացնելով՝ դրանցից առաջինն այն է, թե ո՞ւր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում։  Երկրորդն այն է, թե ինչպե՞ս պետք է դիմի։ Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու, եւ, իհարկե, կարեւոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա եւ փորձել ենք ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերաարձանագրում անել, այլեւ այդ իրավունքները իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։  

Նա նաև ուրախությամբ արձանագրեց, որ նոր կարգավորումների ներքո նաեւ քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունը իրականացնելու համար։ 

«Սպառողների իրավունքների պաշտպանությունը կարեւոր է ոչ միայն սպառողների, այլեւ ընդհանրապես երկրի եւ տնտեսության համար, որովհետեւ կարծում եմ` սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարեւոր ցուցիչ է երկրի կյանքի որակի եւ երկրի իրավակարգի որակի համար։ Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորությունները ինչպես պետք է կիրառեն եւ ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն իսկ որակի նշան է, որն, իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում եւ արդարացված է նրանց նկատմամբ, որոնք առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետեւ սպառող լինելը նույնպես ամենօրյա ընտրություն է։ 

Նրա խոսքով՝ ինչպես մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին, եւ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու եւ ճիշտ մոտիվացիաներ ձեւավորելու շատ կարեւոր մեխանիզմ է։ 

«Մրցակցության կարեւորագույն նպատակներից մեկն այն է, որ դաշտը ինչ-որ առումով ինքնակարգավորվի։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մեր երկրում չկա մի շատ կարեւոր ըմբռնում եւ այդ ըմբռնման բացակայությունը հաճախ տեսնում ենք եւ՛ բիզնեսի որոշակի շրջանակների, եւ՛ քաղաքացիների մոտ, որովհետեւ մարդկանց շատ դեպքերում թվում է, որ ամենադժվար գործը բիզնես հիմնադրելն է, մնացածը արդեն պետք է ինքնին ստացվի։ Իրականում բիզնես հիմնադրելը ամենահեշտ գործն է, եւ մեր, մեր իրականության մեջ չկա այդ ընկալումը, որ ցանկացած բիզնես ռիսկ է, եւ այդ ռիսկի տերն այդ բիզնեսի հիմնադրողն է առաջին հերթին։ Իհարկե, կառավարությունը պետք է աշխատի, որ հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծի տնտեսական գործունեության համար, հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծի աշխատանքի եւ վաստակի համար»,-նկատեց վարչապետը։ 

Վարչապետի դիտարկմամբ՝ այս և այլ ոլորտներում, իհարկե, կառավարությունը մտածելու բան ունի, բայց կառավարության մտածածը պետք է հավասարապես վերաբերվի բոլորին, եւ կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծելը։  

Վարչապետը կարծիք հայտնեց, որ գործարար բնագավառում այդ ռիսկերի ընկալման բացակայությունը տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է։ 

«Այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսը արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում, բայց մյուս կողմից մենք պետք է նաեւ այս ազդակները տանք եւ՛ հանրությանը, եւ՛ տնտեսվարողներին»,-ընդգծեց վարչապետը։ 

Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, կառավարության, վերջինիս միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում են։ 

«Սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում են։ Սննդի արտադրության եւ սպառման բնագավառում մենք պետք է համոզվենք, որ քաղաքացիներին վաճառվում է հենց այն, ինչ հռչակվում է որպես վաճառքի ապրանք, եւ որ դա համապատասխանում է այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն»,-ասաց վարչապետը։ 

Վերջինս նաև կարևորեց, որ տեղական շուկան ապահովի ստանդարտների ապահովում և հայկական ապրանքների արտահանելիությունը։ 

«Սպառողի իրավունքների եւ տնտեսության զարգացման տեսակետից մեզ հարկավոր է, որ մեր բոլոր ապրանքները իրենց ստանդարտներով համարժեք լինեն արտահանման չափորոշիչներին։ Սա է նաեւ մեր միջազգային գործընկերների, այդ թվում` Եվրոպական միության հետ մեր համագործակցության կարեւոր թեմաներից մեկը»,-ընդգծեց վարչապետը։

Վարչապետի կարծիքով՝ այն ապրանքները, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից։ 

«Մենք բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց արտադրանքի որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն էլ ավելի ակտիվ, ավելի պահանջկոտ լինեն։ Բայց նրանք, որոնց ապրանքները ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից` այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների եւ ծառայությունների, արտադրությունների եւ, ընդհանրապես, տնտեսավարման համար»,- եզրափակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ցուցադրվեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ստեղծված համակարգի մասին տեսանյութ, որտեղ բնութագրվում է, թե ինչպես սպառողը կարող է այդ համակարգի միջոցով ուղղորդել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և տեսնել իր խնդրի լուծման բանաձևը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել