Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:
«Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մարզային բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները, առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերը, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման գործընթացը, բժիշկների լիցենզավորումը վերսկսելու կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բուժօգնության մեծ ծածկույթ ապահովող փուլային գործընթաց է լինելու, և մոդելի մշակման հարցում խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել Նիդերլանդներից ժամանած անկախ փորձագետները:
Դեսպանը նշել է, որ այցելել է մարզեր, ծանոթացել կարիքներին, և հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն:
Նշվում է, որ, կարևորելով բժշկագիտության ոլորտի առաջընթացը, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214483
comment.count (0)