1lurer.am: Կային հարցադրումներ, որոնք արվել են, և որոնք շարունակվելու են արվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
«Այն գնահատականները, որ հնչում են, որ վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կա մի իրականություն, որ ՀՀ-ն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, «գցում» են՝ դա արձանագրում է և բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է: Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունը, և նույնը վերաբերում է Ռուսաստանին: Անընդհատ չենք կարողանում լարվածության մասին խոսել և լարվածություն պահել: Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն՝ ըստ իրավիճակի է: Դա մարտավարություն չէ: Այն բաները, որ տեղի են ունեցել 2020 թվականին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024-ին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել. միայն ՀԱՊԿ-ի մասով չէ, բոլոր մասերով՝ հայտարարություններով. որևէ բան չի փոխվել: Այդ խնդիրների շուրջ մենք խոսել ենք և շարունակելու ենք խոսել»,- նշեց ԱԺ նախագահը:
Արձագանքելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայում կլինի՞, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ վերանայենք. ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի: Հայտարարի՝ եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ունի, ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի և ինչ չի արել և ինչ է արձանագրում»:
comment.count (0)