armenpress.am: Թուրքիայի ընդդիմությունը մարտի 29-ին Մալթեփե շրջանում (Ստամբուլի ասիական հատվածում) զանգվածային հանրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված և պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, հանրահավաքն անցկացվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախաձեռնությամբ՝ Իմամօղլուին որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրելու գործընթացի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են նաև հինգ այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Ըստ տարբեր աղբյուրների՝ միջոցառման մասնակիցների թիվը հասնել է շուրջ երկու միլիոնի։ Մարդիկ հավաքվել են Թուրքիայի դրոշներով, վանկարկել «Ազատություն Իմամօղլուին», «Կառավարության հրաժարական», «Արտահերթ ընտրություններ» կարգախոսները։
Ի պատասխան միջոցառման լայնամասշտաբ բնույթին՝ Մալթեփեում և հարակից շրջաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Ընդդիմադիր ճամբարը Իմամօղլուին պաշտոնապես առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Մարտի 23-ին անցկացված կուսակցական փրայմերիզների արդյունքներով նրա թեկնածությանը աջակցել է ավելի քան 14,8 միլիոն քաղաքացի՝ ըստ ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելի։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էր մարտի 23-ին, որից հետո նրան նաև պաշտոնազրկել են։ Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։
Լուսանկարը՝ Angelos Tzortzinis/AFP։
comment.count (0)